Այս երեկո լավ հնարավորություն է նշելու ոչ միայն Իսրայել պետության ձեւավորման պատմական օրը, այլեւ անդրադառնալու երկու ժողովուրդների միջեւ հաստատված կապերին ու արժեքներին։ Այս մասին այսօր Իսրայելի անկախության 77–ամյակի կապակցությամբ հրավիրված դիվանագիտական երեկույթի ժամանակ ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Անկեղծ քաղաքակիրթ երկխոսությունը կարող է ծառայել անցյալի դժվարությունները հաղթահարելու եւ ապագայի նոր հնարավորություններ ստեղծելու համար։ Եվ ինչպես ժամանակը մշտապես ցույց է տվել՝ երկխոսությունն ու համագործակցությունը հատկապես մեր աշխարհագրական տարածքոււմ ոչ միայն ցանկալի է, այլեւ անհրաժեշտ պայման է։ Այս համատեքստում մենք պատրաստ ենք զարգացնել շփումները բոլոր այն ուղղություններով, որոնք ծառայում են մեր ժողովրդի իրական շահերին»,– ասել է նախարարը։

Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ այսօր Հարավային Կովկասում տեղի են ունենում խորը աշխարհագրական տեղաշարժեր, ավելի քան երբեւէ կարեւորվում է կայուն, սկզբունքային եւ հավասարակշռված երկխոսությունը. «Հայաստանը պատրաստ է քննարկել Իսրայելի հետ ցանկացած երկխոսության, հարաբերությունների խորացման հնարավորություն, մարդկային կապերի ամրապնդման, տնտեսական, հումանիտար եւ տեխնոլոգիական համագործակցության զարգացման ուղղություններով։ Այսօր մենք այստեղ ենք՝ վերաարժեւորելու մեր հարաբերությունները եւ նայելու ապագային, թող այսօրը լինի նոր սկզբի հնարավորություն՝ երկու հինավուրց, փորձություններով անցած ժողովուրդների համար»։