Դեպի Հայաստանի Հանրապետության հարատևություն, պետական անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն ու ազատություն տանող մեր ընթացքը մտնում է պատմականորեն վճռական փուլ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 28–ին, Սարդարապատի հուշահամալիրում ունեցած իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Նախորդող շրջանում մենք ունեցել ենք անուրանալի հաջողություններ։ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագիծը համաձայնեցված և համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները ավարտված են։ Այժմ մենք Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ ենք իրականացնում համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար։
Հայաստանի և Թուրքիայի միջեւ հաստատված է ակտիվ երկխոսություն, Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Հայաստանի և Վրաստանի միջեւ հաստատված է ռազմավարական գործընկերություն։ Հայաստանի միջազգային հեղինակությունը աճում է տեսանելի կերպով, և այն փաստը, որ 2026 թվականին մեր երկիրը հյուրընկալելու է Եվրոպայի և աշխարհի երկու հեղինակավոր մասշտաբային միջոցառումներ։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ համաժողովը եւ Կենսաբազմազանության կողմերի COP 17 համաժողովը սր տեսանելի ապացույցն են։
2025 թվականի կարևեւորագույն իրողություններից մեկն այն է, որ ՀՀ բոլոր սահմանային կետերում այլեւս սահմանային հսկողություն են իրականացնում բացառապես մեր երկրի սահմանապահները։ Մի բան, որ աննախադեպ է։
Մենք շարունակում ենք սերտ հարաբերություններ զարգացնել ՌԴ–ի ու Չինաստանի հետ։ ԱՄՆ–ի հետ հաստատել ենք ռազմավարական գործընկերություն, Հնդկաստանի հետ մեր գործակցությունը խորանում է, Ֆրանսիայի եւ ԵՄ–ի հետ մեր հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Հանրապետությունն ու ժողովրդավարությունը իրողություն են։ Բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն իրողություն է։ Անկախությունն ու ինքնիշխանությունը իրողություն են։ Պետությունը իրողություն է եւ մենք պետք է գնահատենք ու փայփայենք այս ձեռքբերումները։
Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը և թևակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։ Հոռետեսությունն ու հուսահատությունը այլևս Հայաստանի Հանրապետության ուղեկիցը չեն։ Հայաստանի ուղեկցիը պետականակենտրոն ինքնագիտակցություն է, աշխարհի գիտելիքահենք իմացությունը, զարգացումն ու ժողովրդավարությունը։
Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի երկարաժամկետ ուղեկիցներ։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։
Բոլորիս շնորհավորում եմ Հանրապետության օրվա առիթով։
Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետություն»։











