107 տարի առաջ մեր պապերն ապացուցեցին, որ հայ ազգը ոչ միայն պետք է ապրի և ուժեղանա, այլ նաև դժվար պահերին կարող է ցուցաբերել ոչ միայն փառահեղ հաղթանակներ, այլ նաև կամք պետություն ունենալու և պետականությունը շենացնելու գործում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 28–ին, Ապարանում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ նշեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
«Այսօր 107 տարի անց մենք կանգնած ենք էլի բազմաթիվ մարտահրավերների առաջ, իմ խորին համոզմամբ այդ մարտահրավերները հնարավոր է հաղթահարել մի ձևով, երբ բժիշկը անի իր գործը, վարորդը անի իր գործը, պետական քաղաքական գործիչը իր գործն անի, գիտնականն իր աշխատանքն անի, հոգևորականը իր աշխատանքն անի։
Եթե մենք փորձում ենք մի քանի գործ անել, վստահորեն ձախողելու ենք։ Այս տոնական օրով ես ցանկանում եմ, որ մենք կարողանանք ուրախության ժամանակ ուրախանալ, աշխատելու ժամանակ՝ աշխատել, և վստահորեն միայն դա է հաջողելու գաղտնիքը։ Ես վստահ եմ, որ գալու է օր, որ ամեն մի մասնագետ իր տեղն է ունենալու, և դրա արդյունքում մենք ունենալու ենք շատ հզոր Հայաստանի Հանրապետություն։
Այսպիսով կեցցե ապարանցիները, կեցցե Արագածոտնի մարզը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,– ընդգծեց նա։











