Սա ինձ համար ամենամեծ տոնն է, երբ դարեր շարունակ մեր պետականությունը կորցնելուց հետո, 1918 թվականին մեր ողջ ժողովուրդը ոտքի ելավ իր անկախությունը ձեռք բերելու՝ մարտնչելով թշնամու դեմ, ջախջախելով թուրքական մեծ զորքը մենք կարողացանք ունենալ մեր առաջին հանրապետությունը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 28–ին, Ապարանում տոնակատարությունների ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո)։
«Շնորհավորում եմ բոլորիս և աչքի լույսի պես մենք պետք է պահենք մեր պետականությունը, մեր անկախությունը»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ Սարդարապատում տոնակատարություն չկար, միայն պաշտոնական միջոցառում, զորահանդես, առանց քաղաքացիների մասնակցության, նա նշեց. «Ես չեմ կարող բան ասել Սարդարապատի միջոցառման մասին, սակայն ամեն տարի Ապարանում մեծ շուքով է տոնվում այս մեծ տոնը։ Իսկապես սուրբ տոն է և մենք մասնակցում ենք, բոլոր մարզերից շուրջ 470 երեխա է մասնակցում, 21 կենտրոն, 45 համայնքից։ Մասնակցում են ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր ճյուղեր։ Հավաքվել ենք այստեղ որպես ուխտ և նաև հարանորոգելու մեր երդումը, տեր կանգնելու այն, ինչ որ ձեռք բերվեց մեր մեր պապերի, մեր նախնիների պայքարի և մարտնչելու և նաև զոհվելու շնորհիվ։
Իմ կոչը միշտ նույնն է, մնանք մեր ինքնության մեջ, տեր կանգնենք մեր արժեքներին, տեր կանգնենք մեր պետությանը, որովհետև ոչ ոք չի պայքարելու, ոչ ոք չի կռվելու, ուրիշ ազգ, ուրիշ պետություն, ոչ մի բան չեն անելու մեզ համար։ Մենք պետք է անենք, մենք պետք է տեր կանգնենք մեր պետությանը, արժանի լինենք մեր տղաների թափած արյանը։ Այ սա է ամենակարևոր խորհուրդը այսօրվա»,– ընդգծեց երգիչը։











