Այս իշխանությունները ժողովրդի համար սահմանում են նպատակ, «որտեղ հաց այնտեղ կաց» տրամաբանությամբ, առևտուր անենք, կուշտ լինենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 28–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
«Այսինքն դուք պատկերացնո՞ւմ եք՝ հայ ժողովուրդը համախմբվի նրա համար, որ կուշտ լինի։ Կգնան տարբեր երկրներում սփռվեն, ինչպես սփյուռքը։ Սրանց պատկերացումը էդ է, ունենալ մի հատ սպառողական հասարակություն, որի նպատակը միայն ստամոքսը լցնելն է, ուրիշ բան չկա։ Այս վիճակից պետք է մենք դուրս բերենք մեր ժողովրդին։ Այս պարտվողականությունը, այս ընկճվածությունը, հուսալքությունը, մարդկանց մեջ այս դժբախտության անընդհատ սպասումը, այս վիճակից ժողովրդին պետք է ազատել, իսկ իրենց ասած խաղաղությունից ազատելու համար էլ, այո, պայքար է պետք։ Պետք է գա մի սերունդ, որը ոչ թե խաղաղություն է մուրում, այլ խաղաղություն է նվաճում, ուրիշ ձև չկա։ Եթե այդ սերունդը չեղավ, մուրալով խաղաղություն թուրքերից դու չես ստանա։ Թուրքերից կստանաս ստրկություն, որովհետև այդ մարդկանց ուզածը մեր ինքնության վերացումն է»,–ասաց նա։
Դտարկմանը, որ իշխանությունը պնդում է, որ այս պահին մենք ուժի լեզվով չենք կարող խոսել, Ռուստամյանն արձագանքեց. «Իսկ ուրիշ լեզու կա՞, հլը մի հատ թող իրենք ասեն։ Ուրիշ լեզուն թուրքերենն է, պիտի թուրքանանք և խոսենք իրենց հետ իրենց հարազատ լեզվով։ Ուրիշ լեզու չկա, ուրիշ լեզու չեն հասկանում։ Դու պիտի ուժեղ լինես, իսկ որ իրանք ասում են, որ էդ ուժը աղբյուր չունի, սպառված է, ուրեմն թող Սարդարապատ չտոնեն։ Սարդարապատում էլ, որ էդ հաշվարկն անեին, մեկին մի քանի անգամ գերազանցող թուրքերի դեմ դուրս չէր գա հայ ժողովուրդը։
Այս մարդիկ ընդհանրապես ազգի էության, բնույթի հետ կապ չունեն, սրանք մեր մեջից քարոզում են թուրքականություն։ Ասում են՝ եթե ուզում ես թուրքերի հետ ապրես, որովհետև իրենք շատ են, ուրեմն պետք է թուրքանանք և Հայաստանին տանում են դեպի թուրքացում»,–ասաց նա։











