Մայիսի 28-ը գնահատման և արժևորման կարիք ունի, հատկապես այս ծանր օրերեին, երբ մեր պետականությունը մեծագույն սպառնալիքի  առաջ է կանգնած և պետականության գոյության մարտահրավերին ենք դիմագրավում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 28–ին, Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի արձանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Պատգամավորը նկատեց, որ 600–ամյա պետականության բացակայությունից և ցեղասպանությունից 3 տարի հետո հայությունն իր մեջ ուժ և սեփական իղձի հետևից զոհաբերությամբ գնալու կամք գտավ և վերակերտեց հայոց պետականությունը, իր արժանապատվությունը։

«Մայիսի 28-ը տոն լինելուց բացի փիլիսոփայություն է, գոյության կերպ է և այն բացառիկորեն արժևորվում է ճիշտ այս օրերին. երբ անվտանգային բացառիկ մարտահրավերներ ունենք»,-ասաց Լիլիթ Գալստյանը։

Անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանն երբեք այսքան ինքնիշխան չի եղել. «Սա ոչ միայն զավեշտալի, այլ տրադիկոմեդիկ արտահայտությունն է՝ այս օրերին ավելի քան անկախ համարել Հայաստանը։ Սա ասում է մի քաղաքական ուժի առաջնորդ, որի հետագծում 5 հազար մեր զավակների արյունն է, Արցախի ցեղասպանությունը, արցախահայության մնացորդացի անղեկությունը և անտերությունը։ Այս ամենի ֆոնին ունենալ քաջություն՝ ասել, թե այսօր ավելի քան անկախ ենք։ Կարծես, թե իր և իր անմիջական թիմի լիարժեք երջանկության համար պակասում էր Արցախի ցեղասպանությունը։ Սա քաղաքական ցինիզմ է»,-հայտարարեց Լիլիթ Գալստյանը։

Նա ընդգծեց, որ բոլորը պետք է լինեն այն գիտակցումով, որ Մայիսի 28-ը պահելու հրամայականի առջև ենք կանգնած և այն որպես պետականության խորհրդանիշ պարտավոր ենք ու պետք է պահենք։