«Ադրբեջանն ու Թուրքիան խորացնում են իրենց համագործակցությունն, հստակեցնում են իրենց ծրագրերը՝ ինչ են անելու, ինչպես են անելու, ում ինչ է մնալու»։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ խոսելով այն մասին, որ այսօր տեղի է ունեցել օկուպացված Լաչինի օդանավակայանի բացման արարողությունը, որին ներկա են եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ես ուրախանում եմ, որ օդանավակայան են կառուցում, որովհետև մեզ է մնալու։ Մենք չէինք սարքել, իրենք սարքեցին, կգնանք տեր կկանգնենք»,–ասաց նա։
Արկադի Կարապետյանի խոսքով, Ադրբեջանն ու Թուրքիան արդեն փորձում են հասկանալ, թե առաջիկայում ինչ պատերազմներ են լինելու։
«Ես հիվանդ չեմ, որ ուզենամ կռիվ լինի։ Կռիվ տեսած մարդը չի ուզենա, որ այդ արհավիրքը կրկնվի։ Բայց աշխարհը դրան է գնում ՝ մենք ուզենք թե չուզենք։ Դա մեզնից չի կախված։ Մեզնից կախված է այն, որ հավաքվենք ու մեր հարցերը լուծենք։ Օրինակ Ադրբեջանն ամեն ինչի համար առևտրի մեջ է մտնում։ Երբ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Հայաստան էր եկել, ասե՞լ եք, եթե ուզում եք, որ մենք օգնենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամի թեկնածության հարցում, մեզ էլ պիտի այն զենքից տաք, որը Ադրբեջանին եք տալիս։ Ինձ թվում է՝ չեն ասել»,–ասաց Կարապետյանը։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե «Խաղաղության համաձայնագրի» կնքումից 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիները կսկսեն առեւտուր անել, Արկադի Կարապետյանն ասաց.
«Ի՞նչ են առնելու մեզնից։ Առևտուրն անում են այն ժամանակ, երբ ավելի մատչելի ես վաճառում ապրանքը, եթե թանկ ես վաճառում, չեն առնում։ Կամ էլ այն ժամանակ են անում առևտուր, երբ երկիրը չունի ինչ–որ ապրանք։ Հիմա մենք իրենց ի՞նչ ենք վաճառելու, ինչ մենք արտադրում ենք, իրենք մեզնից շատ ունեն. կարտոֆիլ ու լոլիկ մեզնից շատ ունեն ու մեզնից էժան են վաճառում»։











