Վերջին 1,5-2 ամիսների ընթացքում ադրբեջանական կողմից դիտավորյալ եւ համակարգված խախտումներ են նկատվել շփման գծի տարբեր հատվածներում։ Այս մասին մայիսի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նախ, ինչպես նշել է պատգամավորը, անցած շաբաթվա ընթացքում երկու բավական ուշագրավ հայտարարություն է արվել։ «Առաջինը Կոնգրեսում ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունն էր, որտեղ ըստ էության նշվում էր, որ անկախ նրանից, թե ինչ գործընթաց է տեղի ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կողմերի միջեւ լարվածությունը շարունակում է պահպանվել։ Երկրորդը ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունն էր, որը շատ ավելի կոնկրետ էր։ Մասնավորապես, նշվել է, որ լարված իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզի շուրջ։ Այս պահին տեղի են ունենում գործընթացներ, որոնք կարող են արտաքինից չնկատվել։ Ի վերջո, բանակցային գործընթացները, աշխարհաքաղաքական տարբեր խաղացողների հանդիպումները կամ որոշակի հետախուզական ծառայությունների տրամադրած տեղեկատվությունը, բնականաբար, չեն հրապարակվում։ Այս դեպքում հասարակությունը բավարար չափով տեղյակ չէ առկա իրավիճակային խնդիրներին կամ ռիսկերին»,- նշել է Աբրամյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանի Սյունիքի մարզում, պայմանավորված է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններով կամ դրանց հնարավոր կարգավորմամբ։ Այս տարածաշրջանի աշխարհագրական դիրքը, ինչպես նաեւ Իրանին մոտ լինելը նրան տալիս է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ աշխարհաքաղաքական նշանակություն։ «Այդ պատճառով, ոչ պատահական երկրների ոչ պատահական պաշտոնյաների հայտարարություններին պետք է վերաբերվել առավելագույն լրջությամբ»,- ընդգծել է պատգամավորը։
Ընդդիմադիրն այս ամենն ուշագրավ է համարել նաեւ այն պատճառով, որ վերջին 2-3 ամիսների ընթացքում, գոնե արտաքուստ, հայ հասարակությունն ականատես է լինում միայն լավատեսական հայտարարությունների եւ ակնկալիքների, որոնք գալիս են տարբեր երկրներից։ Մասնավորապես, երկարամյա հակամարտության շուտափույթ լուծման առումով։











