Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, երկկողմ և եվրոպական ձևաչափով Ֆրանսիայի ցուցաբերած օժանդակությանը ՀՀ պաշտպանական կարողություններին և տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը, Եվրոպային առավել մոտենալու մեր ցանկություններին։ Այս մասին, այսօր՝ հունիսի 2–ին, Գորիսում Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Ըստ փոխնախարարի՝ Գորիսում այս համաժողովի կազմակերպումը բնական և սպասելի է՝ հաշվի առնելով ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների, դրանց թվում՝ Սյունիքի մարզի զարգացման և դիմակայունության բարձրացման նպատակը։

«Այս հստակ քաղաքական կամքի մասին է խոսում այսօր Գորիսում կայանալիք՝ Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացումը։ Հուսով ենք՝ ի կատարումն մեր երկու կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ մոտ ապագայում կտեսնենք Սյունիքում ֆրանսիական ընկերությունների ներգրավումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային նախագծի իրականացման գործում»,- ասաց նա։

Կոստանյանի խոսքով՝ երկու պետությունների հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա՝ նպատակ ունենալով նաև օժանդակել ՀՀ-ին՝ հաղթահարելու տարածաշրջանային մարտահրավերները։ Փոխնախարարը շեշտեց՝ շարունակում է ընդլայնվել համագործակցությունը բոլոր ոլորտներում։

«Հայաստանի Հանրապետությունը, չնայած առկա բոլոր մարտահրավերներին, վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության սկզբունքը, որոնք փոխադարձաբար հարգելու հանձնառությունը ՀՀ-ն և Ադրբեջանը ստանձնել են Ալմա Աթայի հռչակագրով»,- ասաց նա։

Կոստանյանն անդրադարձավ նաև խաղաղության համաձայնագրին, նշեց՝ ՀՀ-ն պատրաստ է անհապաղ ստորագրել և հետագայում վավերացնել այն։ Նրա խոսքով՝ մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ և կարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի մեր տարածաշրջանում։