Մենք խնդրում ենք, որ 25 համարի ավտոբուսը գա Պրոշյան համայնք, բայց չի գալիս, և երեկ մենք հանկարծ իմանում ենք, որ 25 համարը ոչ միայն չի գալիս Պրոշյան, այլ նույնիսկ ՊՆ–ի նախկին շենք չի հասնում։ Այս մասին այսօր՝ հունիսի 2–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց Պռոշյան գյուղի բնակիչներից Մարիամ Պետրոսյանը։

«Մեր վերջին հանդիպումից ես եզրակացություն արեցի, որ իրենք ամեն ինչ անում են, որ 25 համարը լրիվ հանեն այս տարածքից, երթուղին պիտի փոխի և գնա Դավիթաշեն»,–ասաց նա։

Մարիամ Պետրոսյանը տեղեկացրեց, որ երեկ այդ փոփոխության մասին իմանալով որոշել էին այսօր առավոտյան ճանապարհ ըփակել։ Այդ նախաձեռնության մասին իմացել են իշխանությունները եւ փորձել են կանխել։ Մասնավորապես, նախ այսօր 25 համարի ավտոբուսը հասել է ՊՆ–ի շենքի մոտ, բացի այդ մի շարք պռոշյանցիների հրավիրել են փոխոստիկանապետի հետ հանդիպման։

«Ես, ճիշտն ասած, հրաժարվել եմ, ես չեմ ուզում գնալ հանդիպման, որովհետև արդեն հինգ անգամ նույն բանի մասին խոսում եք և իրենց կարծիքը չեն փոխում, եթե նոր մարդիկ կլինեն, թող գնան հանդիպման։ Պրոշյանցիները պահանջում են, որ 25 համարը իր երթուղին չպետք է փոխի, մեր պահանջը դա է։ Եթե այդ հանդիպման արդյունքում ասելու են, որ 25 համարը պետք է գա Պռոշյան, կարող են առանց հանդիպման էլ դա հայտարարել։ Իսկ եթե դա չի նպատակը, ապա հանդիպման իմաստը ո՞րն է»։

Հարցին՝ եթե ամեն դեպքում փոխզիջում չլինի և իշխանությունները պնդեն իրենց որոշումը, ի՞նչ եք պատրաստ անել, պռոշյանցի կինը պատասխանեց.  «Ճիշտ ասած, արդեն եզրակացությունը մնում է ժողովրդին։ Կոնկրետ, ես երեկ խոստացել էի և ձայնային հաղորդագրությունը էլ եմ ուղարկել, որ եթե մենք որոշել ենք ինչ-որ գործողություն անել, բողոքել, մեր բողոքի ձայնը բարձրացնել, իրենք պարտավոր էին գալ այստեղ։ Եթե այսպես են անում, ինձ թվում է նաև որոշակի նպատակ ունեին այս ակցիան բոյկոտելը, որպեսզի մարդիկ կազմակերպիչներին չլսեն։ Վերջին պահին կեսգիշերը ինձ մոտ ասում են՝ գիտեք, եկեք հանդիպման։  Ինչ հանդիպում, մի ասացեք՝ եկեք հանդիպման, դուքպիտի ասեիք որ 25 համարը գալու է Պրոշյան և հետաձգեք եթե մենք այստեղ 25 համար տեսնեինք արդեն ակցիան ավելորդ կլիներ»։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկիզբ են առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։