Արդեն երկու տարի է  «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի այցելուներն օգտվում են Հայաստանում ուրարտական թեմայով, դեռևս միակ վիրտուալ իրականության (VR) ծրագրից:  VR ակնոց կրելով զբոսաշրջիկը տեղափոխվում է հազարամյակներ առաջ կառուցված «Էրեբունի» ամրոց, հայտնվում ուրարտական միջավայրում, մասնակցում հեղման ծեսին, հետևում՝ ինչպես են կերտում տաճարի սեպագիր արձանագրությունները և այլն: «Էրեբունի» ամրոցի եռաչափ մոդելավորումը ստանալու, փաստահեն և ճշգրիտ վերակազմության, ստացված տվյալները VR-ին հանձնելու համար համար ճարտարապետ, 3D վերակազմող Ռուբեն Սարգսյանից պահանջվել է ավելի քան 8 տարի:

Ճարտարապետի խոսքով՝ Հայաստանում նախաքրիստոնեական շրջանի պատմական կառույցների կամ միջավայրերի վերակազմությունը կարևոր է ոչ միայն մշակութային ժառանգության տարածման և հանրահռչակման տեսանկյունից, այլև՝ ուսումնասիրման:

«Երբ եռաչափ վերակազմում ես միջավայրը, դու կարողանում ես տվյալ պատմական միջավայրը տեսնել այնպես, ինչպես այդ ժամանակահատվածում ապրած մարդիկ են այն տեսել, այսինքն դու ոչ թե զուտ կարդում ես դրա մասին կամ տեսնում, այլ ինքդ ես «տեղափոխվում» պատմական անցյալ: Թանգարանի այցելուներից շատերի առաջին անգամ մեզ մոտ են VR փորձառություն ձեռք բերում. VR ակնոցները ոչ միայն երեխաները կամ մեծահասակներն են կրում, այլ նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ,  որոնք, օրինակ տեղաշարժման խնդիր ունեն, չեն կարող բարձրանալ ամրոց»,-NEWS.am«EXPERT» հաղորդման եթերում ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով պատմական կառույցների եռաչափ մոդելավորմանը, Սարգսյանը նշեց, որ այդ հարցում չափազանց կարևոր է աղբյուրների ստույգությունը և տվյալների ճշգրիտ վերլուծությունը:

«Իմ աշխատանքը մեծամասամբ կապված է տվյալների վերլուծության հետ՝ ճարտարապետական, ճարտարագիտական,  ինժեներական, հնագիտական, մարդաբանական և այլն: Ես հավաքագրում, սինթեզում և վերլուծում եմ մասնագիտական փաստերը,տեղեկությունները, ինչի  հիման վրա 3D-ի միջոցով ստանում եմ վերջնական արդյունք»,-նշեց Սարգսյանը:

Ըստ նրա՝ նախաքրիստոնեական շրջանի կառույցների վերակազմությունը բարդ է, քանի որ շատ կառույցներ ավերակներն անգամ պահպանված չեն:

«Իմ կատարած աշխատանքը գիտական է, այլ ոչ թե գեղարվեստական, այսինքն ես չեմ հորինում, ես պատը չեմ «ներկում»՝ ցույց տալիս կապույտ կամ կարմիր, որովհետև այդ գույնը հավանում եմ, այլ հիմնվում եմ պատմական փաստերի վրա: Օրինակ Արգիշտի Առաջինը Ք. ա. 782 թվականին  Էրեբունի ամրոցի ներսում կառուցել է Իուբշա աստծուն նվիրված Սուսի (տաճար), որը կապույտ է: Քանի որ կապույտ գույնը խորհրդանշում էր երկինքը և երկինքը այն տեղն էր, որտեղ  ապրում էին Աստվածները, հետևաբար Աստծո տաճարը ներկում էին կապույտով: Իսկ եթե տվյալ շինության վերաբերյալ բավականաչափ տեղեկություն չկա, ես պարզապես չեմ զբաղվում դրանով»,-ասաց մեր զրուցակիցը:

Սարգսյանի խոսքով՝  VR-ը մեծ հնարավորություններ է բացում և մարդկանց դրական առումով վարակել է: Ճարտարապետը վստահ է՝ ժամանակի ընթացքում շնորհիվ VR-ի, այս ոլորտում մեծ թափով առաջընթաց կգրանցվի:

Ռուբեն Սարգսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ դիտեք տեսանյութում: