Փաշինյանը պետք է հենց հիմա նշանակվի Վենեսուելյան սոպ օպերայի ռեժիսոր կամ հնդկական կինոյի ռեժիսոր, այնտեղ շատ սիրում եմ այդպիսի բաներ՝ ով ումից զավակ է ունեցել թաքցրած, կամ երկու եղբայրներ են եղել, բաժանվել են, իրար կորցրել են, հիվանդանոցում շփոթել են, հետո 30 տարի անցնում է, սկսում են պարելով, երգելով պարզել, որ եղբայրներ են։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ պետք է անհետաձգելիորեն պարզաբանվի՝ արդյոք Գարեգին Բ–ն խախտել է։
«Իրեն պետք է տալ մի քանի կանալ, որ նա առավոտվանից իրիկուն զբաղվի բամբասանքներով, դեղին մամուլին հարիր բաներով, ռեփորթներով, հոդվածներով, պարզի ով ում հետ հարաբերություն է ունեցել, չի ունեցել, իր կինն էլ է այդպիսի բաներով վերջերս զբաղվում, տղամարդկանց միջև պարզել է՝ ինչ կապեր ունեն և այլն։ Այս մարդիկ սա գիտեն, սրանք երկիր, թող չղեկավարեն, թող գնան, զբաղվեն բամբասանքներով, մարդկանց անձնական կյանքով, իսկ այդ ժամանակ Պակիստանը, Ադրբեջանը և Թուրքիան համատեղ հայտարարություններ են անում Լաչինից։
Ես բացարձակ մտահոգված չեմ հոգեւորականների կուսակրոնության ուխտով, թող եկեղեցականները իրենց հարցերը պարզեն, ինձ հիմա հետաքրքրում է այն, որ ԱՄՆ–ն ասում է՝ կարող է հարձակում լինել Սյունիքի վրա, ՌԴ–ն նույնն է ասում, թուրքերը նեղում են Իրանին, տեսնելով, որ Իրանը դժվար իրավիճակում է։ Հենց որ Իրանի վրա հարձակման սպառնալիք լինի, Իրանին սկսելու են ճնշել, որ զիջի Սյունիքը։
Հիմա նա փորձում է ուշադրություն շեղել, որ երբ Գորիսից, Կապանից, Մեղրիից մարդիկ ճամպրուկներով գան Երևան, մարդիկ դրա մասին չխոսեն, նրանք խոսեն, թե եկեղեցականները քանի երեխա են ունեցել։
Երկրորդը, նա փորձում է հարձակվել եկեղեցու վրա, որը կարող է դիմադրել սրանց, որովհետև մեր ընդիմությունը չկա, տեսնում եք, ինչ–որ հաշիվներ են պարզում իրար հետ։ Եթե այսպես շարունակեն, նա էլի հաղթելու է հաջորդ տարի։ Այդ դեպքում ես այստեղ չեմ ապրելու, ես չեմ ուզում այստեղ ապրել, եթե այդ մարդը էլի վերընտրվի։ Այդ մարդը պետություն չպետք է ղեկավարի, անգամ մեր հարևանները, ում մասին մենք մեծ-մեծ խոսում էինք, տեսեք բոլորը ինչ ղեկավարներ ունեն, ու տեսեք մեզ»,– ասաց Խաչիկյանը։
Նա նկատեց, որ գործ ունենք ծախողված պետության հետ, որտեղ ինքնապաշտպանական համակարգը չի գործում. «Ըընդդիմությունը ընդդիմություն չի, չգիտես ինչով են զբաղված, ու՞մ մեղադրես, սա ուղղակի կոլապս է, մեր ամբողջ հասարակություն ոնց որ թմրամիջոցների ազդեցության տակ լինի»։











