Հայաստանում նվազագույնը 30 անգամ եղել եմ։ Շատ ընկերներ ունեմ այնտեղ։ Ցավոք, իմ մեծագույն հայ ընկերներն արդեն հեռացել են կյանքից։ Ես շատ մտերիմ էի Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Միրզոյանի, Տերտերյանի, Խուդոյանի հետ»։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի փոխանցմամբ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում «Նորմա» օպերայի պրեմիերայից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Վալերիյ Գերգիևը, որը 1981-1985 թվականներին եղել է Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվաագախմբի ղեկավարը՝ հույս հայտնելով շուտով համերգով կամ մշակութային այլ նախաձեռնությամբ Հայաստան վերադառնալու։
Վալերիյ Գերգևը կարևորում է տարբեր երկրների միջև մշակութային երկխոսությունը, որը վեր է համարում ամեն ինչից։
«Ես կարծում եմ, որ մշակույթի միջոցով ժողովուրդները կգտնեն... օրինակ մեզ մոտ ցուցադրվում են Արամ Խաչատուրյանի «Սպարտակը», Արիֆ Մելիկովի «Լեգենդ սիրո մասին»–ը, Ֆիկրետ Ամիրովի «Հազար ու մեկ գիշեր»–ը, որը նույնպես շատ հաջող ներկայացում է։ Իհարկե, մեզ մոտ հնչում են նաև Բաբաջանյանի ու Միրզոյանի ստեղծագործությունները, ինչպես նաև վրացի հեղինակների՝ Օտար Տակտակիշվիլիի ստեղծագործությունները։ Նրանց բոլորի ստեղծագործությունները հնչում են, և համախմբում Մեծ Կովկասը։ Եթե այդ բոլոր գործերը հնչում են Ռուսաստանում, ապա դա առաջին ապացույցն է այն բանի, որ կապերը չեն տուժել և չեն տուժի, և առավել ևս չեն կտրվի»,–ասաց Գերգիևը։
Անդրադառնալով 150 տարի անց Մարիինյան թատրոնի բեմ վերադարձած իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Ֆրանչեսկո Բելլինի «Նորմա» օպերային, Վալերիյ Գերգիևն ասաց.
«Իտալացի կոմպոզիտոր Բելլինիի «Նորմա» օպերայով մենք այսօր մեկնարկում ենք հերթական «սպիտակ գիշերների աստղերը» ֆեստիվալը։ «Նորմայի» հայտնիությունը ոչ ոքի մոտ ոչ մի հարց չի առաջացնում, հայտնի արիա, որը մշտապես լավագույն երգչուհիները ներառում են իրենց երգացանկում, այն շատերին է հայտնի դարձրել»։
Գլխավոր հերոսուհուն՝ սիրո համար ամենաանսպասելի զոհողությունների պատրաստ Նորմային մարմնավորում է ռուս օպերային երգչուհի Ալբինա Շագիմուրատովան։
«Նախաձեռնությունը մաեստրո Գերգևն ուներ դեռ շատ տարիներ առաջ։ Ես աստիճանաբար գնում էի յուրաքանչյուր արտիստի ամենանվիրական երազանքի իրականացմանը՝ «Նորմա»-ում պարտիայի կատարմանը»,–ասաց Ալբինա Շագիմուրատովան։
Սիրելի տղամարդու հետ լինելու համար Նորման պատրաստ է անգամ սեփական երկիրն ու սկզբունքներին դավաճանել։ Գաղտնի ամուսնական կապի երջանկությունը սակայն հարատև չէ։ Ամուսնական դավաճանությունը փլուզում է աշխարհի մարտահրավերներից թաքուն կազմված ընտանիքն ու ողբերգությունների շարքի պատճառ դառնում։ Մանկասպանության ու ինքնասպանության փորձից մինչև խարդավանքներ ու պատերազմի կոչեր։
Ողբերգությամբ կլանված հանդիսատեսի աչքից չեն վրիպում բեմի տեխնիկական էֆեկտները, որոնք ավելի պատկերավոր են դարձնում պատմությունն ու շուրջ 3 ժամով հանդիսատեսին տեղափոխում մեր թվարկությունից առաջ։
«Լիբրետտոյին հետևելու դասական օրինակ է, բացառություն է կազմում միայն վերջաբանը։ Մարիինյան թատրոնում տեխնիկական հնրավարությունները թույլ են տալիս մեզ մի փոքր երևակայել մեր թվարկությունից առաջ առաջին դարի Հյուսիսային Գալլիայի մասին, և լրացնել բնության տարրերով այն, ինչ գրված էր կոմպոզիտորի կողմից։ Այն ժամանակ այդ բեմային էֆեկտները հասանելի չէին, բայց մեր ժամանակներում արդեն հասանելի են»,–ասաց ռեժիսոր Սերգեյ Նովիկովը։
Հեղինակ՝ Մերի Հակոբյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի











