Երկու երիտասարդները, եթե չեմ սխալվում գիշերային ժամին կամ լույս առավոտյան, ձիերի հետևից գնացել են, երկու ձի է եղել, կորած ձիու հետևից գնացել են, մոլորվելու արդյունքում հայտնվել են ադրբեջանական կողմում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։

Հարցին՝ սահմանապահներ չե՞ն եղել այդ հատվածում, որ նկատեին, պատգամավորը պատասխանեց. «Այդ բոլոր հարցերի հասցեատերը իրականում ես չեմ։ Վստահ եմ, որ ԱԱԾ հայտարարությանը ծանոթ եք, կխնդրեմ դրանով առաջնորդվեք։ Սահմանապահ բնականաբար կա, կարող է չեն տեսել, գիշերային ժամ է եղել կամ չգիտեմ 1000 պատճառ կարող է լինել։ Ես կոնկրետ դեպքի մանրամասները շատ նեղ իմաստով չգիտեմ ընդհանուր տեղյակ եմ, թե ինչ է տեղի ունեցել»։

Հարցին՝ կա՞ արդեն որոշակի գործընթաց՝ ուղղված նրանց հետ բերելուն, Ղահրամանյանը պատասխանեց. «Բնականաբար կա, բայց ես չեմ կարող դրա մասին բարձրաձայնել, որովհետև դա Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն են։ Իրենք վստահ եմ և համոզված եմ, որ կատարում են իրենց գործառույթները մեր երիտասարդներին հետ բերելու համար»։

Ավելի վաղ ԱԱԾ–ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: «Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։