Հայաստանը Իրանի հետ երկաթուղու կառուցման համաձայնագիր է ստորագրել, բայց ո՞վ է ասել, որ այդ երկաթուղին պետք է ձգվի մինչեւ Երեւան։ Ոչ։ Հայաստանում մեկ կայարանը, որը կկապի այն իրանական երկաթուղու հետ, բավական է։ Այս մասին Economix հաղորդման եթերում հայտնել է «Ապավեն» տրանսպորտային եւ լոգիստիկ ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը։
«Եթե մենք կապ ապահովենք Մեղրիի հետ, եւ դրա համար մեզ անհրաժեշտ է ավարտել Արաքս գետի երկայնքով 60 կիլոմետր երկարությամբ երկաթուղին, Մեղրին կդառնա Հայաստանի դարպասը դեպի արաբական երկրներ եւ Հնդկական օվկիանոս։ Ռուսաստանը միլիարդներ է ծախսում Հնդկական օվկիանոս մուտք գործելու համար, իսկ մեզ ընդամենը 60 միլիոն դոլար է պետք։ Ո՞վ է մեզ խանգարում իրականացնել այդ ծրագիրը։ Ի վերջո, համաձայնագիր կա»,- նշել է նա։
Նրա գնահատմամբ՝ սա կհանգեցնի նրան, որ մեր հարեւանները նույնպես կօգտվեն այս ճանապարհից։ Ավելին, այս դեպքում Հայաստանը կարող է մաս կազմել Իրանի կողմից իրականացվող ծրագրին, որը մեր երկիրը կկապի Չինաստանի հետ՝ շրջանցելով Ադրբեջանը, ինչպես նաեւ նավթով հարուստ Իրաքի հետ, բացատրել է նա։
Միջազգային ավտոմոբիլային փոխադրումները պետք է աստիճանաբար զիջեն իրենց տեղը երկաթուղային տրանսպորտին։ Ներքին տրանսպորտը նպատակահարմար է իրականացնել ավտոմեքենայով։ «Մենք պետք է իրականացնենք ծրագրեր, որոնք համահունչ կլինեն գործող տրանսպորտային եւ լոգիստիկ ցանցերին»,- նշել է Աղաջանյանը։
«Վերին Լարս» անցակետի խնդիրը
Անցյալում Ռուսաստանի հետ տնտեսական գործունեությունն իրականացվում էր բացառապես երկաթուղով, որն անհամեմատ ավելի էժան եւ լավ է, քան ավտոմոբիլային տրանսպորտը, սակայն Աբխազիայի եւ Ադրբեջանի միջով անցնող ճանապարհների փակումը նոր իրավիճակ է ստեղծել։
Աղաջանյանը նշել է, որ գոյություն ունեցող տրանսպորտային կապն իրականացվում է «Վերին Լարս» անցակետով՝ ռազմավիրական ճանապարհի երկայնքով, որը նախատեսված չէ տնտեսական կապերի համար։ Ահա թե ինչն է տնտեսական հաղորդակցության դժվարություններ առաջացնում Ռուսաստանի հետ։
Այս ամենը հասկանալով՝ Վրաստանը թունելային ճանապարհ է կառուցում՝ իր տարանցիկ դերը պահպանելու համար։ Այս ճանապարհը պատրաստ կլինի ամենաուշը հաջորդ տարվա սկզբին, որից հետո թողունակությունը կտրուկ կաճի։ Բացի այդ, կապը կլինի անխափան, ի տարբերություն ներկա իրականության, երբ «Վերին Լարս» անցակետը պարբերաբար փակվում է եղանակային պայմանների պատճառով, ընդգծել է «Ապավեն» ընկերության գործադիր տնօրենը։
«Մինչեւ 2003-2004թթ., ըստ էության, չկային համաշխարհային չափանիշներին համապատասխանող հայկական բեռնատար մեքենաներ։ Ռուսաստան բոլոր բեռնափոխադրումներն իրականացվում էին վրացական ավտոմոբիլային ընկերությունների կողմից, քանի որ այդ ժամանակ հայկական համարանիշներով սահմանը հատելը համարվում էր «սխրագործություն»։
Սակայն Վրաստանում «կարմիր վարդերի հեղափոխությունից» հետո իրավիճակը փոխվել է։ Այսօր Հայաստանն ունի հզոր ավտոպարկ եւ այլ լուրջ հնարավորություններ, եւ խոսքը միայն մեր ընկերության մասին չէ։ «Վերին Լարս» անցակետով անցնող ճանապարհը հետաքրքիր է ոչ միայն մեզ, այլեւ Թուրքիայի համար, քանի որ նրանք նույնպես օգտվում են դրանից, եւ թուրք վարորդների համար դա ավելի հեշտ չէ, քան հայ կամ վրացի վարորդների։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Թուրքիան ունի լաստանավային ծառայություն, որը, սակայն, ավելի թանկ է»,- ասել է նա։
«Ապավեն» ընկերության ղեկավարը կոչ է արել սրանից եզրակացնել, որ լաստանավային ծառայությունը չի կարող այլընտրանք դառնալ «Վերին Լարս» անցակետով ավտոմոբիլային տրանսպորտի բեռը թեթեւացնելու առումով։
Այլ ուղղություններն աշխատում են անխափան
Ռուսաստանից բացի՝ Հայաստանը տնտեսական կապն ակտիվացրել է նաեւ Հնդկաստանի եւ հատկապես Չինաստանի հետ։
«Հայաստանի խոշոր ընկերություններն ու հարկ վճարողները, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունները, արտադրում են հարյուր հազարավոր տոննա ապրանքներ, որոնք առաքվում են Չինաստան: Արդյո՞ք որեւէ մեկը 30 տարի շարունակ խոսել է այս ուղղությամբ բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների մասին: Ոչ: Որովհետեւ այս ամբողջ աշխատանքը համակարգված է եւ դրված է ճիշտ ուղու վրա։ Սա վերաբերում է նաեւ ներմուծմանը։ Չինական եւ ամերիկյան արտադրանքը Հայաստան է ներմուծվում առանց խոչընդոտների, բայց ոչ ոք չի խոսում Չինաստանի եւ ԱՄՆ-ի հետ առեւտրի դժվարությունների մասին։
Դժվարությունները հիմնականում կապված են միայն հյուսիսային հարեւանի հետ. մյուս ուղղություններով խնդիրներ չկան, քանի որ ստեղծվել են համակարգեր, որոնք անխափան գործում են։
Հայաստանում են գտնվում աշխարհի 10 խոշորագույն բեռնափոխադրողներից 7-ը, որոնք ապահովում են համաշխարհային փոխադրումների 70-80 տոկոսը։
«Ամեն ամիս տասնյակ հազարավոր տոննա բեռ է մատակարարվում Չինաստան։ Սա հանգեցնում է հանքարդյունաբերության զարգացմանը, որը մեծ հարկեր է վճարում։ Մենք ինտեգրված ենք համաշխարհային տրանսպորտային ցանցին, ինչն օգնում է կապեր հաստատել արտաքին գործընկերների հետ եւ թույլ է տալիս մեզ ապրանքներ մատակարարել աշխարհի տարբեր մասեր՝ մրցունակ գներով»,- ավելացրել է Աղաջանյանը։
Բեռնափոխադրումների տարանցման պայմանների բարելավումը կարեւոր նշանակություն ունի
Նա հայտնել է, որ տարիներ առաջ Հայաստանը Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների համար ստացել է 21 տոկոս զեղչ, մինչդեռ Ադրբեջանը՝ 50 տոկոս: Միեւնույն ժամանակ, Հայաստանը տարեկան Վրաստանի տարածքով տեղափոխում է 1.5 մլն տոննա բեռ: Հետեւաբար, շատ կարեւոր է աշխատել պայմանների բարելավման ուղղությամբ:
«Մի քանի օր առաջ Թբիլիսիում տեղի ունեցավ չոր նավահանգստի բացումը, եւ Հայաստանից, ցավոք, միայն ես էի հրավիրված այդ միջոցառմանը։ Միաժամանակ, վրացական կողմը պատրաստ էր հրավիրել հայ գործընկերներին եւ պաշտոնյաներին, որոնք, սակայն, հետաքրքրություն չհայտնեցին, չնայած այնտեղ էին վրացական ողջ էլիտան եւ տարբեր երկրների ներկայացուցիչներ»,- ասել է Աղաջանյանը։
Նա նշել է, որ կարեւոր են ոչ միայն շփումները, այլեւ համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք կարող են մեծացնել Վրաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։
«Անցյալ տարվա հեղեղումների ժամանակ Վրաստանի հետ տրանսպորտային կապերը խափանվեցին, բայց Հայաստանի բնակչությունը որեւէ ապրանքի պակաս չզգաց, քանի որ սահմանի այս կողմում կար երկաթուղային կայարան՝ «Այրումը», որը դարձավ հանգույց, տերմինալ, դարպաս, որտեղից ապրանքները մատակարարվում էին երկրի տարբեր շրջաններ։ «Հասավ այն կետին, որ այնտեղից նույնպես ներմուծում էր իրականացվում։ Եվ սա ընդամենը մեկ կայան է»,- նշել է ընկերության գործադիր տնօրենը՝ ընդգծելով նման ենթակառուցվածք ունենալու կարեւորությունը։
«Ապավենը» տրանսպորտային-լոգիստիկ ոլորտի առաջատարներից է Հարավային Կովկասում
«Ապավեն» ընկերությունը հիմնադրվել է 1993թ., մեկ սենյակում, ընդամենը մի քանի մարդկանց կողմից։ «Այսօր մենք զարգանում ենք Հայաստանի տնտեսության զարգացմանը զուգահեռ, եւ մենք չենք կարող զարգանալ, եթե տնտեսությունը չզարգանա։ Երկրի տնտեսության անկումը, օրինակ՝ համավարակի կամ պատերազմի ժամանակ, անմիջապես ազդում է մեր գործունեության վրա։ Սակայն մեր ընկերությունը գործում է արդեն 32 տարի, եւ այսօր մենք ունենք ամուր տնտեսական հիմք, գրասենյակներ են գործում Փոթիի, Բաթումի նավահանգիստներում, Թբիլիսիում, Երեւանում: Կան նաեւ տերմինալներ Երեւանում, Այրումում, Վրաստանում, Ռուսաստանում:
Մենք պարզապես տրանսպորտային ընկերություն չենք, այլ, ինչպես նշել է մեր գործընկերներից մեկը, մի ամբողջ տրանսպորտային ոլորտ:
«Մենք զբաղվում ենք միջազգային փոխադրումների գրեթե բոլոր ուղղություններով։ Դրանք ներառում են կոնտեյներային, ավտոմոբիլային եւ երկաթուղային փոխադրումները, տերմինալային ծառայությունները, բեռների մշակումը, բեռնաթափումը, ապրանքների պահեստավորումը, բաշխումը եւ այլն։
Մենք Հարավային Կովկասում ոլորտի առաջատարներից մեկն ենք»,- եզրափակել է Աղաջանյանը։











