Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը համամիտ չէ լրատվամիջոցներում տարածվող այն լուրերի հետ, թե ինքը մշտապես աղմկահարույց միջադեպերի կիզակետում է հայտնվում։

«Չէի ասի, որ հաճախակի եմ հայտնվում ուշադրության կենտրոնում։ Երբ աշխատում ես, բազմաթիվ խնդիրներ են առաջանում, որոնք լուծումներ են պահանջում»,–Ազգային ժողովում NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մովսիսյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե նման միջադեպերից մեկն առնչվում է նրա և ոստիկանության պաշտոնյաներից մեկի միջև առկա լարվածությանը՝ կապված թմրանյութի օգտագործման կասկածանքով իր խորհրդականին բերման ենթարկելու հետ, մարզպետը պատասխանեց.

«Իմ և ոստիկանության աշխատողի միջև միջադեպ չի եղել։ Թմրանյութի պատմության հետ կապված բազմիցս իմ հարցազրույցներոմ խոսել եմ, այս պահին ավելացնելու բան չունեմ, որովհետև դատական գործընթաց կա։ Վստահ եմ, որ գործընթացն արդար հանգուցալուծում կստանա»։

Անդրադառնալով լուրերին այն մասին, որ իր հարազատներին է աշխատանքի ընդունում մարզպետարանում, Սերգեյ Մովսիսյանը պատասխանեց.

«Մարզպետարանում աշխատատեղերը բավական սահմանափակ են, և յուրաքանչյուր հաստիքի համար պետք է քննություն հանձնել։ Եթե անգամ բարեկամական կապեր կան, դրանք չեն խանգարում։ Հայաստանի Հանրապետությունն էլ, Արագածոտնի մարզն էլ բավական  փոքր են, բոլորն իրար բարեկամ են գալիս»։