«ՔՊ–ի թեկնածուն՝ Արգիշտի Մեխակյանը, չի կարող շահավետ դիրքերում լինել, նա ընտրվելու շանսեր չունի, որովհետև ՔՊ–ն է ներկայացնում ու Նիկոլ Փաշինյանի կամակատարներից է»։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Հայրենատէր» կուսակցության ղեկավար Ջիվան Աբրահամյանը։

«Արգիշտի Մեխակյանը թափառաշրջիկ պաշտոնյա է, որտեղ ինչ պաշտոն պետք  է լինում, տալիս են։ Մենք ոչ մի երաշխիք չունենք, որ վաղը ինքը քաղաքապետի պաշտոնից հրաժարական չի տա ու գնա փոխվարչապետ դառնա»,–ասաց նա։

Ջիվան Աբրահամյանի խոսքով, Դիանա Գասպարյանի հրաժարականը, իշխանությունների կողմից եկեղեցու դեմ վարվող արշավը նույն նպատակն են հետապնդում. «Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստվում է 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

«Նրանք հասկացան, որ Դիանա Գասպարյանով էլ չեն կարողանա ընտրությունների գնալ, պետք էր ֆորս մաժոր ստեղծել, եկեղեցու դեմ ինչ–որ բաներ անել, որպեսզի կարողանան ձայներ հավաքել»,–ասաց նա։

Անդրադառնալով վերջին շրջանում իշխանությունների կողմից եկեղեցու թիրախավորմանը. Աբրահամյանն ասաց.

«Պետական որևէ պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին»,–նշեց նա։

Նշենք, որ Վաղարշապատ համայնքի ավագանին արտահերթ նիստն այսօր չկայացավ, քանի որ ՔՊ խմբակցությունը բոյկոտեց եւ չներկայացավ։

Ավելի վաղ Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնել էր, որ «Էջմիածին» խմբակցությունը մասնակցելու է արտահերթ նիստին և որպես համայնքի ղեկավար առաջադրելու է իր թեկնածուին:

Սակայն այսօր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՔՊ–ն որոշում է կայացրել, որ պետք է Վաղարշապատում ավագանու նոր ընտրություններ տեղի ունենան, իսկ դրա համար պետք է երկու անգամ ավագանին չընտրի համայնքի ղեկավար։