Կառավարությունը տարբեր ֆորմատներ ունի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու. դրանք կարող են լինել հրապարակային և ոչ հրապարակային: Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանն Իրանի հարցով Անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրել։
«Եթե դուք հարցնեիք՝ արդյոք Կառավարությունը տվյալ իրավիճակից բխող ռիսկերը գնահատո՞ւմ է, դիտարկո՞ւմ է տարբեր սցենարներ, ապա՝ այո՛։ Երբ մի երկրի հարևան երկրում ռազմական գործողություններ են, դա արդեն ինքնին սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը։ Չեմ կարծում, որ ճիշտ կլինի խոսել այդ սցենարների մասին, քանի որ հիմա իմաստ չունի սպեկուլյացիաներ անել, բայց Կառավարությունը պատրաստ է տարբեր սցենարների»:











