Մենք մեր սցենարներում հաշվի ենք առել իրանա-իսրայելական կոնֆլիկտը։ Այս մասին հունիսի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Եթե պատերազմն անցնի ավելի ակտիվ փուլ կամ ձգձգվի, ապա ամբողջ տարածաշրջանը կբախվի մատակարարման շղթաների խափանման, զբոսաշրջային հոսքերի վրա բացասական ազդեցության և այլնի հետ կապված ռիսկերի։ Ընդհանուր առմամբ, ՀՀ տնտեսությունը կարող է թուլանալ, այդ թվում՝ առևտրային հարաբերությունները և այլ գործոններ, որոնք կարող են հանգեցնել ներքին պահանջարկի կրճատման։

Մեր նպատակը միշտ էլ եղել է բանկային համակարգի կապիտալիզացիան հասցնել այնպիսի մակարդակի, որը մեզ թույլ կտա դիմակայել ցնցումներին։

Մենք հակացիկլիկ բուֆերները մեծացրել ենք 1.75%-ով, ինչը կազմում է լրացուցիչ կապիտալ, որը գերազանցում է 150 միլիարդ դրամը։

Այս փուլում մենք ռիսկերի կառավարման առումով խնդիրներ չունենք», - նշեց Գալստյանը։