«Իրանից Հայաստան քաղաքացիների հոսք իսկապես կա, բայց իրավիճակն այնքան ծանր չէ, որքան ներկայացնում են։ Մենք պարբերաբար գնում ենք մաքսատուն, հետաքրքրվում ենք, չէի ասի թե շարժը շատ է։ Նույնիսկ կարող եմ ասել, որ նախորդ տարին ավելի շատ իրանցիներ էին գալիս Հայաստան»։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը՝ նշելով, որ առաջին երկու օրերին քաղաքացիների հոսքն ավելի մեծ էր, հիմա էականորեն կրճատվել է։
«Իրանից եկող քաղաքացիների երևի միայն 30 տոկոսն է իրանցի, մյուսները այլ երկրի քաղաքացիներ են, ովքեր ուղղակի այս շրջանում տարբեր պատճառներով այնտեղ են եղել։ Նրանք գալիս են ու միանգամից Երևան գնում, այնտեղից էլ՝ իրենց երկրներ։ Իրանից եկող քաղաքացիների թվում չինացիներ, ուկրաինացիներ, տարբեր երկրների բնակիչներ կան»,–ասաց նա՝ նշելով, որ թվերի չի տիրապետում, չի կարող ասել, թե վերջին օրերին Իրանից քանի քաղաքացի է Հայաստան եկել։
Քաղաքապետը նշեց, որ հնարավոր ամեն ինչով փորձում են օգնել Իրանից Հայաստան եկած քաղաքացիներին, միակ խնդիրը տրանսպորտն է։
«Այսօր ասացին, որ երկու միկոավտոբուս է գալու մաքսատուն՝ քաղաքացիներին տեղափոխելու համար։ Բայց ես էլ չգիտեմ՝ ովքեր են տրամադրել, ինչի համար»,–հավելեց նա։
Պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է Մեղրիի հյուրանոցներում ու հյուրատներում, արդյո՞ք ազատ տեղեր կան, որտեղ կարող են մնալ Իրանից եկած քաղաքացիները, Անդրեասյանն ասաց.
«Այնպես չէ, որ միայն Իրանից եկածներն են հյուրանոցներում։ Նաև տուրիստներ ունենք, հայեր ունենք, որ բիզնեսի կամ այլ նպատակով են եկել։ Կարող է մի օր հյուրանոցներում տեղ չլինել, հաջորդ օրը 30-40 ազատ տեղ լինի»։
Մեղրիի քաղաքապետը նշեց, որ Իրանից եկող քաղաքացիները որպես փախստականներ չեն եկել. այսինքն նրանց մեջ չկան մարդիկ, ովքեր գումար չունեն, առանց իրերի են եկել կամ չգիտեն՝ որտեղ են մնալու։











