ՀՀ գործատուների միության նախագահ Վահագն Համբարձումյանին մտահոգում է «Տաշիր գրուպ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող զարգացումները։

«Միանշանակ մտահոգել է, որովհետեւ ցանկացած բիզնես և ցանկացած ներդրող կունենա այս պարագայում անհանգստություններ։ Գործատուների միությունը լինելով, իհարկե, ապաքաղաքական կառույց, նաեւ մենք չենք փորձում այստեղ որեւէ քաղաքական երանգ հաղորդել, բայց ասում ենք, որ այստեղ գործարարի և քաղաքականության միջեւ պետք է լինի սահմանազատում։ Այսինքն մարդը կամ քաղաքականությամբ պետք է զբաղվի, կամ գործարարությամբ: Ես չգիտեմ՝ այստեղ ինչ քաղաքական երանգ կա, ինչ է եղել, բայց որ գործարարի հետ կապված այս երեւույթները ոչ միայն ինձ են մտահոգում, այլեւ բոլոր գործարարներին»,–ասաց նա։

Համբարձումյանը նշեց, որ Սամվել Կարապետյանի խոսքը քաղաքական էր, թե ոչ, դրա պատասխանը թող տան իրավապահ մարմինները. «Բայց ես կարող եմ ասել, որ ցանկացած օտարերկրյա ներդրող նման երեւույթների նկատմամբ բացասական է արձագանքելու։ Մենք խնդիրն պետք է նայենք, ոչ թե այս պահին խնդրին որեւէ լուծում տալով, այլ գլոբալ, թե ինչպիսի միջավայր է ստեղծվում Հայաստանում, որպեսզի օտարերկրյա ներդրողները Հայաստանում իրենց ապահով զգան։

Իհարկե, Հայ առաքելական եկեղեցին բոլորիս պատմական հենասյուներից մեկն է, և այստեղ ես չեմ կարծում, որ ընդհարումը Հայ առաքելական եկեղեցու հետ է։ Այստեղ ընդհարում կա կոնկրետ կառավարության և կոնկրետ վեհափառի միջեւ։

Ես կարծում եմ՝ ոչ եկեղեցին պետք է խառնվի քաղաքականությանը, ոչ էլ քաղաքականությունը՝ եկեղեցուն։ Երկու դեպքում էլ հարցադրումը կա. իրականում բարձրացված հարցերը ըստ իրենց գործող կանոնների  պետք է պարզաբանվեն։ Եթե հնչեցվում է, որ որեւէ մեկը խախտել է կանոն, դրանք, բնականաբար, հասարակությանը հետաքրքրում են»,– ընդգծեց նա։