Անհետ կորած զինծառայողների ծնողները երկրորդ գիշերն է, որ գիշերել են Բաղրամյան պողոտայում, Ազգային ժողովի հատվածում պողոտան երկկողմանի փակ է։ Նրանք պահանջում են հեր վերադարձնել Արմեն Աբազյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնին, քանի որ իրենց խնդրով հենց նա էր զբաղվում։ Հիմա, երբ հասկանում են, որ իրենց պահանջն իրականանալի չէ, նրանց պահանջում են, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը հանդիպի իր հետ եւ հավաստիացնի, որ իրենց ոդրիների հարցը մնալու է կառավարության օրակարգում։

Ծնողները նշեցին, որ գիշերը հանգիստ է անցել, որեւէ միջադեպ չի գրանցվել։

«Սպասում ենք, տեսնենք՝ ով է այդ մարդը, որ մեր տղերքի գործերով պիտի հետևողական լինի, ինչպես դա արել է ԱԱԾ տնօրենը նախկինում։ Հասկանանք՝ մեր երեխեքի հարցերը ԱԱԾ պետին հանելուց հետո փակվե՞ց, թե կա ինչ-որ մեկը, որ պիտի շարունակական ու հետևողական լինի բանակցությունների հարցում։

Երեկվանից որեւէ պաշտոնյա մեզ չի հանդիպել։ Մենք ԱԺ–ի մոտ ենք, պարալիզացրել ենք պողոտան, բայց ոչ ոք այս շենքից չի մոտեցել մեզ։ Դեռ նստած ենք այստեղ»,–ասաց նա։

Մեկ այլ ծնող էլ հավելեց. «Փորձեք մտնել մեր դրության մեջ, երեխեքից լուր չունենք 5 տարի։ Զոհվածի դեպքում գոնե գիտես, որ զոհվել է, կգնաս գերեզմանին կլացես, ու կմխիթարվես, բայց մեր պարագայում մի այլ տեսակի է ցավը։ Աանորոշության մեջ գիշեր ու ցերեկ տանջվելը, տառապելը ու անդադար մտածելը մարդու խելագարության է  հասցնում։

Երկու օր առաջ մեզ խոստացան, որ ԱԱԾ նոր պետի պաշտոնակատարը մեզ կընդունի, մենք էլ ասացինք՝ այստեղ կսպասենք, որովհետեւ հոգնել ենք ստերից։ Ըստ իրենց խոստացածի, այսօր արդեն պետք է հանդիպի մեզ հետ։ Իսկ այստեղ ենք, որովհետեւ չենք կարող հանգիստ ապրել։

Սա իմ հարցը չի, քո հարցը չի, կողքինի հարց չի, չէ, սա տղերքի հարցն է, այն տղերքի, որ արդեն շուտով կլինի հինգ տարի, որ իրենք տունը չեն վերադարձել։ Արդեն երկրորդ գիշերն ենք այստեղ, ու ոչ ոք չի մոտեցել։ Սա էլ ապացույց է նրա, թե ոնց են մտածում մեր տղաների մասին։

Մենք չենք կարող հանգիստ մնալ, երբ որ գիտենք մեր երեխեքին այնտեղ տանջում է թուրքը։ Մենք հասկանում ենք, որ պատերազմ է եղել, մենք հասկանում ենք, որ ամեն ինչ կարող է լինել պատերազմական շրջանում, բայց մենք չենք կարող հասկանալ, որ մեր երեխեքը ողջ են, այնտեղ են ու իրենցով հետաքրքրվող չկա»։