Ալավերդի քաղաքում, հունվարի 12-ին, տեղի ունեցած սպանության եւ սպանության փորձի հեղինակի` 24-ամյա Վասիլ Շահվերդյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Վասիլ Շահվերդյանը ձերբակալված է:
Հիշեցնենք, որ Ալավերդիի Սայաթ-Նովայի փողոցում, հունվարի 12-ին, ժամը 13:50-ի սահմաններում, Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի դիմաց, կրակոցներ են հնչել: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը` ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետի գլխավորությամբ, կատարվածից րոպեներ անց, հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 24-ամյա Վասիլ Շահվերդյանին, որի մոտ հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Բայկալ» ատրճանակ` պահունակով եւ մեկ փամփուշտով:
Պարզվել է, որ Վ. Շահվերդյանն իր մոտ եղած ատրճանակից Սայաթ-Նովայի փողոցում կրակելով ազգույթամբ հույն, 36-ամյա Գագիկ Կիլինկարովի ուղղությամբ` սպանել է նրան: Այդ պահին վերջինիս կողքին գտնվող նրա ընկերը` 39-ամյա Արմեն Կոստանդյանը, ստացել է հրազենային վնասվածքներ եւ տեղափոխվել Ալավերդի քաղաքի հիվանդանոց: Բժիշկների խոսքով, Ա. Կոստանդյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի վայրում, Գագիկ Կիլինկարովի դիակի մոտ, հայտնաբերվել է կրակված 7 պարկուճ, իսկ Գ. Կիլինկարովին պատկանող «Մերսեդես Բենց SLK-200» մակնիշի ավտոմեքենայի սրահում` «Սայգա 410 K» հրազեն` լիցքավորված 4 փամփուշտով:
Վ. Շահվերդյանը ոստիկանությանը հայտնել է, որ սպանությունը կատարել է վրեժխնդրության հողի վրա, քանի որ տարիներ առաջ էլ Կիլինկարովները սպանել են իր եղբորը:











