Դատարանի բակում քիչ առաջ իրավիճակը կարճ ժամանակով լարվեց. Քաղաքացիների ու ոստիկանների միջև վիճաբանություն տեղի ունեցավ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց` «վայրկյանը մեկ մարդկանց ասում են` հետ քաշվեք, փողոցում մի կանգնեք, բայց մարդիկ չափազանց շատ են ու չեն տեղավորվում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ապա ձերբակալել Բագրատ Սրբազանին։

Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Խուզարկել են նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը եւս ձերբակալել են։

Քննչական կոմիտե էլ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։