Հայաստանի Հանրապետությունը, լինելով ինքնիշխան պետություն, ինքն է որոշում, թե երբ է ճիշտ ժամանակը, այս կամ այն քայլը կատարելու համար։ Այս մասին, այսօր՝ հունիսի 26–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է այն սահմանը, որից հետո Հայաստանի իշխանությունը որոշում կկայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ կապված։
«ՀԱՊԿ-ի մասով Հայաստանը ոչ թե ակնարկում է, այլ ուղիղ տեքստով ասում է՝ այսպես չի կարող երկար մնալ։ Ի վերջո, եթե ՀԱՊԿ գործընկերները, այդ թվում՝ նաև ՌԴ-ն, հանդես չգան քաղաքական հայտարարություններով, որոնց մասին խոսվել է դեռևս տարիներ առաջ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումից հետո, ապա Հայաստանը վերջնական որոշում կկայացնի»,- ասաց նա։
Ինչվերաբերում է ԵԱՏՄ-ին, Կոստանյանն ասաց, որ մենք շարունակում ենք լինել Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչպես նաև շարունակում ենք խորացնել մեր հարաբերությունները ԵՄ երկրների հետ: «Այն պահին, երբ անհրաժեշտություն կառաջանա հստակ որոշումներ կայացնելու, կկայացնենք»,- ասաց նա:
Հարցին՝ ՀԱՊԿ-ի հետ կապված դիրքորոշումը խոցելի չի դարձնում մեզ, Կոստանյանն ասաց. «Կարծում եք՝ լինելով ՀԱՊԿ անդամ՝ պակաս խոցելի ենք եղե՞լ»։











