Ես ընդհանրապես շատ վատ եմ գնահատում ՀԷՑ–ը պետականացնելու նախաձեռնությունը. եթե ՀԷՑ–ը պետականացվի, ապա շատ կարճ ժամանակ հետո մենք ունենալու ենք պրոբլեմներ և թանկացումների իմաստով, և հոսանքի մատակարարման իմաստով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ–ից հեռացված Հովիկ Աղազարյանը։

«Նաև պրոբլեմներ ենք ունենալու միջազգային հարթակներում, տարբեր միջազգային ինստիտուտներ պաշտպանելու են սեփականության իրավունքը։ Այն օրենքները, որոնք այսօր մենք ունենք, լրիվ բավարար է, որ ցանկացած բնական մենաշնորհի հետ կապված աշխատանքները տանել այնպես, որ լինի մաքսիմալ ընդունելի հասարակության համար և պետության համար։

Դու ունես հանրային ծառայությունների ինքնավար հանձնաժողով, որը ուսումնասիրում է ամեն ինչը, գնահատականներ է տալիս և անընդհատ սեղմում է, ասում է՝ չէ պիտի գինը իջեցնես, ինչի՞ է Վրաստանում այսքան, մեր մոտ այսքան, հիմնավորում է գալիս, հիմնավորում ընդունում է կամ չի ընդունում, իջեցնում է գինը։ Գալիս է այնպիսի պահ, որ արդեն Սամվել Կարապետյանը որոշում է որ չէ, այս բիզնեսը իր համար ձեռնտու չի կամ ինքը այս բիզնեսից այդքան էլ չի հասկանում ու ծախում է ուրիշին։ Ուրիշն է գալիս և կառավարում է, ձևերը կան։ Իսկ սա կոչվում է ռեկետ»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ «Վեոլյա ջրից» էլ դժգոհություններ կան, գազի մատակարարումից էլ, Աղազարյանն ասաց. «Համարյա մարդ չկա, որ «Վեոլա ջրից» չդժգոհի, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ եթե դա չհանձնվեր մասնավորին, բազմաթիվ խորը խնդիրներ կլինեին այսօր։ Նույնը կլիներ նաև կոնյակի գործարանի դեպքում, և խաղողագործությունը Հայաստանում կմեռներ․ Սրանք այն ոլորտներն են, որոնք մասնավորը պետք է ղեկավարի, իսկ պետությունը՝ վերահսկի»։

Այդքանովհանդերձ՝Աղազարյանը չի մասնակցի Սամվել Կարապետյանի աջակցության ակցիային, քանի որ Կարապետյանի «արտահայտությանը կողմ չէ»։