Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների համար Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության և Չժեցզյան մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային սեմինարի շրջանակներում լրագրողները այցելեցին Սիհու լիճ: Մասնակիցների թվում էր նաև Հայաստանից ժամանած պատվիրակությունը, որի կազմում էին NEWS.am լրատվական գործակալության լրագրողները, որոնք ուղարկվել էին Հայաստանում Չինաստանի դեսպանատան աջակցությամբ:


Ոչ նյութական մշակութային ժառանգության թանգարանը, որը գտնվում է Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքում՝ Չինաստանի հարավարևելյան ափին, զբաղեցնում է 3.5 հեկտար տարածք և այցելուներին առաջարկում է եզակի հնարավորություն՝ ակտիվորեն շփվելու երկրի մշակութային ավանդույթների հետ։



Սա իր տեսակի մեջ առաջին մշակութային հաստատությունն է, որն օգտագործում է արհեստական բանականության տեխնոլոգիաներ՝ ոչ շոշափելի ժառանգությունը վերստեղծելու և ցուցադրելու համար: Թանգարանի ցուցանմուշները կենդանացնում են դարավոր ավանդույթները՝ ներգրավող ներկայացումների միջոցով, սովորական այցելությունը վերածելով անցյալի մթնոլորտի մեջ ընկղմման:




Այցելուները դառնում են ոչ միայն հանդիսատես, այլև մշակութային գործողության մասնակիցներ. դահլիճներում կարող եք անցկացնել վիրտուալ թեյի արարողություն, փորձել ձեր ուժերը չինական գեղանկարչության, պոեզիայի, գեղագրության և ավանդական արվեստի այլ ձևերի մեջ:





Թանգարանը հատուկ ուշադրություն է դարձնում վարպետ արհեստավորներին, ովքեր անշոշափելի ժառանգության կրողներ են և իրենց գիտելիքները փոխանցում են հաջորդ սերնդին: Այսպիսով, թանգարանը ոչ միայն պահպանում է մշակութային ավանդույթները, այլև դրանք դարձնում է ժամանակակից քաղաքային և հասարակական կյանքի կենդանի մաս:
Պարույր Սինյավսկի, Մարիա Ասատրյան՝ Հանգչժոուից











