Սյունիքի մարզկենտրոն Կապանում աշխարհահռչակ թավջութակահար Ֆրանցիսկո Վիլայի կատարմամբ հուլիսի 4-ին մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։

«Երբ Սևակն ինձ հրավիրեց, մտածեցի, որ յուրահատուկ հնարավորություն է։ Հայաստանը յուրահատուկ երկիր է՝ մարդիկ հյուրընկալ են, վերաբերմունքը՝ ամեն ինչ յուրահատուկ է։ Երբ իմացա, որ գալիս եմ այստեղ, այնքան երջանիկ էի»,–NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրանցիսկո Վիլան։

Փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար աշխարհահռչակ թավջութակահար Սևակ Ավանեսյանի խոսքով, այս տարի փառատոնն առանձնանում է իր մասշտաբայինությամբ. փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել համաշխարհային ճանաչում ունեցող 35 արտիստներ: Նրանց թվում է նաև հայազգի դաշնակահարուհի Աննա Սարկիսովան։

«Որտեղ էլ ելույթ ունենաս, քո երկիրն ուրիշ է,  մարդիկ, ջերմությունը... Շատերն արդեն ընկեր են դարձել մեզ, սպասում են, որ մենք պիտի վերադառնանք։ Մենք էլ սպասում ենք նրանց տեսնելուն։ Համերգից հետո այդ գրկախառություններն ու ջերմությունը, այդ հարազատությունը, որ արդեն կա հանդիասատեսի հետ, դա մի բան է, որ մեր սրտում ապրում է միշտ»,–ասաց Աննա Սարկիսովան ու հավելեց, որ մշտապես անհամբերությամբ է սպասում Kapan Fest–ին, որպեսզի վերադառնա հայրենիք ու հարազատ բեմում ելույթ ունենա։

Համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահար Կարեն Շահգալդյանի խոսքով, Կապան ֆեստը ոչ միայն չի զիջում այլ երկրներում կազմակերպվող փառատոններին, այլ նաև կարելի է ասել՝ իր մասշաբայինությամբ ու ճանաչելիությամբ առաջատար տեղ է զբաղեցնում դրանց շարքում։

«Հրաշալի երաժիշտներ են հավաքվում միասին, աննկարագրելի միջավայր է։ Մեզ՝ երաժիշտներիս համար մեծ երջանկություն է այստեղ գտնվելը, որովհետև մենք մեր սիրելի գործով ենք զբաղվում բարյացակամ մթնոլորտում։ Մենք իսկապես զգում ենք ամբողջ քաղաքի սերն առ այն, ինչ մենք անում ենք, դա ամենակարևորն է»,–ասաց նա։

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գործընկերը Կապանի համայնքապետարանն է, հովանավորների թվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Ամերիաբանկը և բազմաթիվ այլ աջակիցներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով, նման փառատոնների կազմակերպմանն աջակցելը նախարարության համար օրակարգային հարց է։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի խոսքով էլ, փառատոնի շնորհիվ զբոսաշրջիկների հոսքը Սյունիքի մարզկենտրոն զգալիորեն մեծացել է։

«Միջազգային փառատոնը բավական լուրջ ազդեցություն է թողել Կապանի մշակութային կյանքի զարգացման վրա, երաժշտության բնագավառի կրթության զարգացման վրա։ Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ Կապանն ավելի ճանաչելի է դարձրել Kapan Fest միջազգային փառատոնի շնորհիվ»։

Մինչև հուլիսի 15-ը Կապանում ամեն օր դասական ու ջազ երաժշտություն կհնչի, իսկ հուլիսի 12-ին Կապան կժամանի փառատոնի գլխավոր հյուրը՝ աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարթա Արգերիխը։ Նա Կապանում հանդես կգա երեք համերգով՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։   

Մանրամասները՝ տեսանյութում։