Ինչո՞ւ ենք մենք հիմա քննարկում սրբազանների կուսակրոնության ենթադրյալ խախտումը կամ չխախտումը, ինչ-որ այլ հարցեր, ինչու են այս շոուները բեմադրվում, իբր սթրայքբոլի պարագաներով պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել, գուցե նրա համար, որ չպատասխանեն տարրական հարցի, ի վերջո Էրդողանի հետ ի՞նչ են պայմանավորվել այս ամսվա ընթացքում, Ալիևի հետ ինչի շուրջ են բանակցել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11–ին, ՔԿ Երեւանի վարչության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Մենք գիտենք Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի կյանքի բոլոր մանրամասները, գիտենք նախաճաշը իրենց, բայց չգիտենք Ալիևի հետ ի վերջո ի՞նչ են պայմանավորվել։ Ո՞նց կարող է այդպես լինել, որ հանդիպի Էրդողանի հետ Փաշինյանը և հայտարարությունները լինեն այն մասին, որ հանդիպել են և քննարկել են ոչինչ։ էլ ուրիշ բան չունեին, այդքան պարապ էին, ազատ էին, որ հանդիպել են և քննարկել են ոչինչ։ Իրականությունը այն է, որ Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների միջնորդ աշխարհի 200 պետություններից ընտրել է Թուրքիային, Էրդողանին է դարձել միջնորդ և բանակցային գործընթաց կա, անգամ նրանից հետո, երբ հայտարարվել է, որ այդ թուղթը համաձայնեցված է և Ադրբեջանը նոր պայմաններ է առաջ քաշել։
Հարց է առաջ լինում, ինչի՞ շուրջ ես պայմանավորվել, ադրբեջանցիների բնակեցմա՞ն, սահմանադրության փոփոխության ժամկետների՞, Սյունիքի ճանապարհը վերահսկողությունը հանձնելու այլ պետությա՞ն։ Այս հարցերին, որպեսզի չպատասխանի, այսպիսի շոուներ են բեմադրվում։
Իրենից նաև պահանջում են ամբողջությամբ վերահսկել երկրի ներսում իրավիճակը, իրեն հարցեր են տալիս, դու գալիս ես, մեզ հայտարարում ես, որ ամեն ինչ կարգին է, մենք կարող ենք քո հետ պայմանավորվել, բայց գնում ես, քո երկրի ներսում դժգոհության ալիք կա։
Ի վերջո ընդամենը անցած տարի է, որ տեղի է ունեցել տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ մեծ հանրահավաք, որը կարող էր լրիվ այլ ընթացք ունենալ։ Դու ասում ես, որ Արցախի հարցը փակ է, բայց Արցախահայերը քո երկրի մայրաքաղաքում ցույց են անում, չեն փակում, ուժերը հանդես են գալիս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են գալիս վերադարձի իրավունքի հայտարարություններով։ Ի վերջո մենք քո հետ կարո՞ղ ենք պայմանավորվել, թե դու չես վերահսկում իրավիճակը։ Եվ ինքը, որպեսզի ցույց տա, որ տիրապետում է իրավիճակին, վերահսկում է իրավիճակը, իրականացնում է այս բոլոր բռնաճնշումները, որպեսզի զեկուցի, որ իրավիճակը իր վերահսկողության տակ է«»,–ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ քայլեր է նախապատրաստում ընդդիմությունը իշխանություններին զսպելու համար, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Ես մեր անունից կարող եմ խոսել, մենք տեսնում ենք, որ հանրային դժգոհությունը աննախադեպ է, մենք տեսնում ենք նաև ամեն օր ավելացող օջախներ այդ դժգոհության, բայց մեր մոտեցումը շատ պարզ է՝ վառ պահելով բողոքի օջախները, աշխատելով հանրության հետ, ի վերջո մոբիլիզացնել հանրությանը ու միասնական բողոքի ալիքով փոխել երկրում իրավիճակը։ Մենք հասկանում ենք, որ այս բռնաճնշումների միջով ենք անցնում, բայց փորձում ենք դա չդարձնել գործունեության կենտրոնը։ Մեր գործունեության կենտրոնը մեր հանրության հետ աշխատանքն է, նրանց իրավիճակը ու ճշմարտությունը ներկայացնելը, հորդորելը և ցույց տալը, որ պետք չի վախենալ»։











