Քիչ առաջ ՁՊՎ-ից ազատ են արձակվել ՀՅԴ–ի ձերբակալված 4 երիտասարդներ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։

Տարոն Մանուկյանը ազատության մեջ հայտնվելուց հետո հայտնեց. «Այդպես էլ չեմ հասկացել վերջերս այս երեք օրը ինչի համար ես պիտի անցկացնեի անազատության մեջ, քանզի որևէ բանի հետ կապ չունեմ։ Իսկ Ինչի կասկածանքով, որ ինձ մեղադրում էին, ուղղակի աբսուրդի ժանրից դուրս էր, որովհետև որևէ նման դրվագի հետ կապ չեմ ունեցել, չեմ էլ ունենա երբեք»։

Կարծում եմ՝ կլասիկ քաղաքական հետապնդում է, որ ընդամենը լռեցնելու, ճնշելու, հավելյալ ազդեցություն, հանրության մեջ վախի մթնոլորտ սերմանելու նպատակ ունի։

Բայց մեր կողմից էլ կհետևի իրավական պրոցես, այսինքն այնպես չի, որ անցավ ու գնաց։ Ձերբակալությունը միանշանակ փաստաբանական թիմը կբողոքարկի ու հավելյալ ինչ-որ օրենքով հասանելիք է, կփորձենք մեր իրավունքները պաշտպանել»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հուլիսի 10–ի վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։

Ձերբակալվել է յոթ անձ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

Նրանք մեղադրվում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։ Պաշտպանները պնդում են, որ հայտնաբերված իրերը Strikeball խաղի ատրիբուտներ են։ ՀՅԴ-ականները համարում են, որ այս գործընթացները ուղղված են ՀՅԴ-ի՝ որպես քաղաքական ուժի դեմ: