«Արևմտյան Ադրբեջանը» ադրբեջանական կեղծ նարատիվ է, որը խնդրում եմ ձեզ ուղղակի մեր դաշտ չբերել, այդ թվում նաև Սյունիքով ինչ-որ միջանցք տրամադրելու մասին կեղծ պնդումները, ինչը արվեց ևս մի երկու օր առաջ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14–ին, կառավարության դիմաց արցացխիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

Հարցին՝ ինչ է նշանակում ճանապարհն արտապատվիրակել, նա պատասխանեց. «Բացեք 2022 թվական հոկտեմբերի 1–ին վարչապետի հարցազրույցը, լսեք, թե ինչ է նշանակում արտապատվիրակելը: Արտապատվիրակելը չի նշանակում ինքնիշխանությունից հրաժարվել:

Սա բավականին ծավալուն հարց է, կբացեք, կլսեք, թե ինչ է նշանակում արտապատվիրակել և որ դեպքում այդ հարցը կարող է մեջտեղ գալ։ Բնականաբար, մաքսային հսկողություն լինելու է։ Սա Հայաստանի Հանրապետությունն է ու եթե Սյունիքով հանկարծ ճանապարհ էլ անցնի, այդ ճանապարհը վերահսկվելու է Հայաստանի կողմից։ ՀՀ ինքնիշխանությունից դուրս այդ ճանապարհը չի գործելու, խնդրում եմ այս մի բանը ըմբռնենք բոլորս»,–ասաց նա։