Ի՞նչ եք առաջարկում, մենք շարունակենք դարավոր թշնամություն անե՞լ մեր հարևանների հետ, ինչ-որ մի պահի  այդ հարաբերությունները պետք է կարգավորվե՞ն, թե՞ ոչ։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 14–ին, կառավարության դիմաց արցացխիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

Նա նշեց, որ կիսում է տեսակետը, որ Ադրբեջանն է թշնամություն անում, սակայն հավելեց, որ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի և Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ։

Չախոյանը նկատեց, որ խաղաղության պայմանագրի տակ ստորագրելու է նաեւ Ադրբեջանը, այսինքն պարտավորություն ու պարտականություն է ստանձնելու։

Հարցին՝ ո՞վ է երաշխավորը լինելու այդ պայմանագրի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունը։ Նոյեմբերի 9–ի փաստաթուղթն եք մատնանշում։ Այդ փաստաթղթի տակ կար նաև երրորդ կողմի ստորագրությունը, և ինչ եղավ, բոլորս տեսանք։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը իր ստանձնած բոլոր պարտավորություններն ու պարտականությունները կատարում էր»։