Եթե Արթուր Սարգսյանը իր ելույթի միջից հաներ մի երկու դրվագ, օրինակ, կզել, լիզել, ապա ամեն ինչը կլիներ նույնիսկ գեղեցիկ, բայց ինքը չհանեց այդ երկու դրվագը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամվոր, ՔՊ–ից հեռացված Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստում տեղի ունեցած ծեծկռտուքին։
«Այդ դրվագներն իրենց մեջ սադրանքի էլեմենտներ են պարունակում, որը, իհարկե, իր ազդեցություն ունեցավ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների վրա, որոնք իրենց բացասական էներգիան պետք է դուրս մղեին հարց ու պատասխանի ժամանակ։ Հարցեր տային, Արթուր Սարգսյանը պատասխաներ իրենց հարցերին,. բայց այդ հնարավորությունը չեղավ։ Արթուր Սարգսյանը մթնոլորտը այդ իմաստով շիկացրեց։ Ես չգիտեմ՝ դուրս գալու պահին ինչ տեղի ունեցավ։ Անտառում հրդեհը ո՞նց է լինում, գալիս է մի հատ իրավիճակ, որ մի թեթև կայծից անգամ հրդեհը սկսում է: Այ այդ թեթև կայծը հենց իր ելույթի սադրիչ պահերն էին։ Այդ սադրիչ պահերը երևի ազդեց, բայց դա չի արդարացնում իշխանական գործընկերների պահվածքը, թեեւ պահի տակ ամեն ինչ էլ արդեն դառնում է հնարավոր»,–ասաց նա։
Անդրադառնալով հարուցված քրեական գործին, Հովիկ Աղազարյանն ընդգծեց, որ չի կիսում տեսակետը, թե իշխանությունն ահաբեկչություն է կանխել. ««Իշխանությունը էլ գիտի, որ այդ ձևի ահաբեկչություն չեն անում՝ 2000 հոգի հավաքագրեն, խմբեր ստեղծեն, Հայաստանով մեկ ինչ-որ բաներ անեն և ահաբեկչության ճանապարհով գան իշխանության։ Եկան իշխանության, ի՞նչ են անելու, ո՞ր երկիրն է այդ իշխանության հետ հաշվի նստելու, ոչ մի երկիր էլ հաշվի չի նստելու։ Սա գիտակցում է և Նիկոլ Փաշինյանը, և Բագրատ Գալստանյանը, և բոլորը։ Դա հնարավոր չի այս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, այս լարվածության պայմաններում, հետեւաբար, ես դրան չեմ հավատում։
Բայց հեղաշրջման ուրիշ շատ փափուկ ձև կա, երբ որոշ ուժեր, ոչ թե 2000 հոգի, այլ մի 100-200 հոգի կարող են դրանով առաջնորդվել։ Ես այդ մասին շատ եմ խոսել ՔՊ–ում եղած ժամանակ։ Ես նույնիսկ կանխատեսել էի անցած տարվա հունիսի 12-ի հանրահավաքը։
Այսինքն, սա սուտ է, շղարշ է այլ նպատակների հասնելու համար»,–ասաց նա։
Հարցին՝ ո՞րն է այդ «այլ նպատակը» և որն է երկրում ձերբակալությունների, կալանավորումների մթնոլորտ ստեղծելու նպատակը, Աղազարյանը պատասխանեց. «Երկրում այս մթնոլորտի ստեղծումը պայմանավորված է հավանական, վտանգավոր որոշումների ընդունումը ստվերելու համար։ Վտանգավոր որոշումներն են ճանապարհի արտապատվիրակումը, նաև փախստականների վերադարձի հարցը։ Հիմա այդ արտապատվիրակումը ես լավ չեմ հասկանում, հետևաբար չեմ կարող մանրամասն այդ հարցի շուրջ խոսել։ Չգիտեմ՝ լավ է, թե վատ է, թե ինչը ոնց պիտի արվի, որտեղ է երաշխիքը, որ այդ անկախ կազմակերպությունը չի գտնվի Թուրքիայի կամ Ադրբեջանի ազդեցության տակ։ Այդ դեպքում դա նշանակում է ուղիղ իմաստով սուվերեն իրավունքներից զրկվել»։
Աղազարյանը հայտարարեց, որ եթե բոլորն ուզում են, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, միակ ճիշտ ելքը Սյունիքի տարածքով թունել փորելն է, որ ադրբեջանցիներն ու թուրքերը դրանով անցնեն, գնան. «Մենք էլ իրավունք ունենք ամիսը մի անգամ այսպես կոչված մոնիթորինգ անցկացնել, տեսնենք՝ մեջը հո ուրիշ փիս-փիս բաներ չեն անում։ Հիմա կասեն, շատ մեծ ծախս ա, խի էդ արտապատվիրակումը ծախս չի ներկայացնո՞ւմ իրանից։
Թուրքիան ու Ադրբեջանն էլ են ուզում խաղաղություն տարածաշրջանում, բայց իրենց խաղաղության պատկերացումը էապես տարբերվում է մեր խաղաղության պատկերացումից։ Իրենք ուզում են, որ այս տարածաշրջանում չլինի հայ և լինի խաղաղություն»,–ասաց նա։











