«Հայաստանի Հանրապետությունը փորձում է Արցախի հանրապետությանը զրկել ներկայացուցչության նկատմամբ սեփականության իրավունքից»։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ նշելով, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել Արցախի հանրապետության ներկայացուցչության մշտական տեղակայման վայրի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքը։

Փաստաբանը նշեց, որ Արցախի ներկայացուցիչներն իրավական ճանապարհով, նաև ոչ իրավական գործիքներով պայքարելու են Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքը պահպանելու համար։

«Արցախի պաշտոնյաների կողմից լիազորվել եմ ներկայացնել Արցախի շահերը վարչական և քաղաքացիական դատարանում վիճարկելու են ներկայացուցչության շենքը վերցնելու հարցը»,–ասաց նա հավելելով, որ սրանով ՀՀ իշխանությունը փորձում է մարել Արցախի Հանրապետության վերջին շունչը։