Եթե Ռուսաստանը կանգնի ընտրության առաջ՝ պահպանել Ուկրաինան կամ Կովկասը, ապա կկենտրոնանա Ուկրաինայի վրա։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։
«Որքան էլ Կովկասը կարևոր լինի, իսկ Կովկասը շատ կարևոր է, Ուկրաինան է՛լ ավելի կարևոր է։
Եվ մենք չգիտենք, թե որքան դժվար է Ռուսաստանի վիճակը, այսինքն՝ արդյոք նրանք հասել են նման դժվարին ընտրություն կատարելու սահմանին։ Բայց եթե դժվար ընտրության առաջ կանգնելու խնդիր ի հայտ գա, նրանք ստիպված կլինեն կենտրոնացնել իրենց ուժերն ու ռեսուրսները և պահպանել դրանք Ուկրաինայի համար։ Եվ ինձ թվում է, որ այդ դեպքում նրանք կզիջեն Կովկասը»,- նշել է փորձագետը։
Պրոֆեսոր Գրիգորյանը շեշտել է, որ վստահ չէ՝ որքան դժվար կլիներ Ռուսաստանի դիրքը Կովկասում իր դիրքերը պահպանելու առումով, եթե, իր կարծիքով, հայկական կողմը իր վարքագծով չօգներ Ռուսաստանի հակառակորդներին, «եթե մենք իրականում չլծվեինք այն կառքին, որն ուղղված էր Ռուսաստանին Կովկասից դուրս մղելուն»։
Նա միաժամանակ մեկնաբանել է այն հայտարարությունները, ըստ որի Հայաստանը մեղավոր չէ տեղի ունեցածի համար, և որ Ռուսաստանն ի վիճակի չեղավ պահել Արցախը։
Պրոֆեսոր Գրիգորյանի համոզմամբ՝ հենց Հայաստանն էր, որ Ռուսաստանի թիկունքում ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, մինչդեռ ռուսական կողմը բազմաթիվ նախապատվություններ ուներ՝ ինչպես Արցախյան հարցի, այնպես էլ հայ-ադրբեջանական բանակցությունների տեսանկյունից։
«Նրանք ցանկանում էին Արցախի կարգավիճակը առկախել և նախ նպաստել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը կիրականացվեր Ռուսաստանի միջնորդությամբ և երաշխիքներով։ Եվ դա Ռուսաստանին թույլ կտար այնտեղ թողնել իր խաղաղապահ ուժերը և այլն, և այլն»,- նշել է քաղաքագետը։











