Սամվել Կարապետյանը, ինչպես և Հայ Առաքելական Եկեղեցին, խորհրդանշում է ցանցային կառուցվածքը։ Պատահական չէ, որ թե՛ Կարապետյանը, թե՛ Եկեղեցին տեղավորվում են լայն ժողովրդականություն վայելող մոդելի մեջ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա գնահատմամբ՝ այս երկու ցանցային կառուցվածքների սինթեզը կարող է լուրջ ռիսկեր ստեղծել իշխանությունների համար։ Նա պարզաբանել է, որ հասարակությունում հայտնի քաղաքական գործիչների հետ առնչություն չունեցող քաղաքական գործիչների և առաջնորդների պահանջմունք է ծագել։

«Դա հատկապես նկատվում է հասարակության այն շերտերի շրջանում, որոնք քաղաքական կյանքում դեռևս չեն կողմնորոշվել։ Իսկ դա ընտրազանգվածի 60-70%-ն է։ Հարցումները ցույց են տվել, որ հասարակությունը ցանկանում է տեսնել մարդկանց, որոնք չեն տեղավորվում «նախկինների և ներկաների», «կոռումպացվածների» նարատիվներում և որոնք ընդունակ են շփվել հասարակության հետ»։

Այդ կերպարի մեջ տեղավորվում է նաև արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։ Եվ նրա ի հայտ գալն ազդեցություն ունեցավ նրան հետևող հասարակության վրա։ Հիմա եկել է Սամվել Կարապետյանը, որն ունի բարձր վարկանիշ և բարերարի լավ կերպար։ Ավելին, նրան չի կարելի մեղադրել նախկինների և ներկաների հետ կապեր ունենալու մեջ, նա ռեսուրսներ ունի, խորհրդանշում է ուժ՝ շնորհիվ իր կապերի և ոչ միայն Ռուսաստանում», - ընդգծել է Հակոբյանը։

Նա նշել է, որ Կարապետյանի հայտարարությունները, որոնք նրա ձերբակալման պատճառ դարձան, որևէ քաղաքական բաղադրիչ չէին պարունակում, նա պարզապես մտահոգություն էր հայտնել Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ։

Ըստ Հակոբյանի՝ Փաշինյանը վաղուց է հասկացել, որ իր խոսքերին գործնականում ոչ ոք չի հավատում, և նրա երկար հրապարակային ելույթները ոչինչ չեն փոխում, չեն բարձրացնում իր վարկանիշը և պոտենցիալ ընտրողների թիվը, ինչը նրան խիստ անհանգստացնում և նյարդայնացնում է։

«Փաշինյանի առավելությունն այն է, որ նա կեղծ քաղաքական օրակարգ է ձևավորում։ Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ ընդդիմությունը չի կարողանում կամ չի ցանկանում դառնալ նրա քաղաքական մրցակիցը։ Եթե նախկինում Փաշինյանը, ուղիղ եթեր դուրս գալով, կարող էր հասնել խորհրդարանի շրջապատմանը, ապա այժմ նա կարող է ապավինել միայն ուժայիններին։ Հետևաբար, հասարակության մեջ տիրող անտարբերությունը վնասում է ոչ միայն ընդդիմությանը, այլև ավելի շատ վնասում է իշխանություններին»,- նշել է փորձագետը։

Ըստ նրա կանխատեսումների՝ Հայաստանի քաղաքական դաշտը կհամալրվի նոր ուժերով։