Չնայած իշխանության նախկին հավաստիացումներին, թե Հայաստանը «կարմիր գծեր» ունի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում զիջումների չի գնա, մենք տեսնում ենք, որ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում։ Այս մասին Новости Армении–NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։
«Հայտարարություններ են արվում կառավարումը հանձնելու մասին։ Պարզ ասած՝ Հայաստանը զիջում է իր տարածքային ամբողջականությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը դուրս է գալիս նրա վերահսկողությունից։
Մի բան է, երբ կառավարման ես հանձնում որևէ կառույցի, մեկ այլ բան՝ երբ զիջում ես երկրի տարածքի անբաժանելի մասի նկատմամբ ինքնիշխան իրավունքը։ Սահմանային վերահսկողության գործառույթները պետական գործառույթներ են, և դրանց զիջումը նշանակում է հրաժարում սեփական տարածքից։
Սա (Ադրբեջանի - խմբ.) ախորժակն է բորբոքում և մեծացնում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը՝ հաշվի առնելով Բաքվի ագրեսիվ հայտարարությունները։ Խաղաղության հնարավոր չէ հասնել զիջումների միջոցով։ Դրան կարելի է հասնել միայն սեփական ուժերի ամրապնդման միջոցով, իսկ անտեղի զիջումները դիտարկվում են միայն որպես թուլության դրսևորում»,- նշել է Միրզոյանը։
Նա հիշեցրել է Հայաստանի ճկուն դիրքորոշման մասին Էրդողանի խոսքերը։ «Դա դրական է Թուրքիայի համար, բայց չգիտեմ, թե որն է դրական կողմը Հայաստանի համար։ Ընդ որում, Թուրքիան պնդում է, որ սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հայաստանը կարգավորի բոլոր հարցերն Ադրբեջանի հետ։ Միաժամանակ, Բաքվի դիրքորոշումն ավելի ագրեսիվ է դառնում, և այդ դիրքորոշումը վայելում է Թուրքիայի աջակցությունը, սահմանային իրավիճակը մնում է տագնապալի»,- ընդգծել է նա։
Ըստ նրա գնահատականի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին խոսվում է դեռևս 2000 թվականից։ «Այս թեման ակտիվացրել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, սիրիական խնդիրը և այլ գործընթացներ։ Ներկայիս օրակարգը միտված է ԱՄՆ-ի և նրանց պրոքսի ուժերի դիրքերի ամրապնդմանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի որոշակի համաձայնեցված տեքստ կա, բայց կան հարցեր, որոնք կրիտիկական նշանակություն ունեն։ Դրանք որպես աննշան ներկայացնելու փորձը կարող է հիմք ստեղծել նոր խնդիրների առաջացման համար։ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ապահովել բեռների նորմալ փոխադրումը նույնիսկ բարեկամական և դաշնակից երկրների տարածքներով»,- եզրափակել է Միրզոյանը։