Կարող ենք արձանագրել, որ տեղի է ունեցել ՀԷՑ–ի կառավարման պետականացում, այսինքն կառավարման ֆունկցիան պետությունը վերցրել է իր ձեռքը, ի դեմս Ռոմանոս Պետրոսյանի, որի համար հիմքեր էին նախապատրաստում կիսատ պռատ այս վերջին երկու շաբաթների ընթացքում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Հապշտապ բերեցին ԱԺ օրեն քի նախագիծտ և երկու ընթերցումով անցկացրեցին, որ այսպես կառավարումը իրականացնեն։ Փաստացի սեփականատերը զրկվում է իր օբյեկտի նկատմամբ վերահսկողական կառավարչական լծակներից։ Պետք է արձանագրենք, որ մեր նորագույն ժամանակաշրջանում բացառիկ դեպքերից մեկն է եղել, երբ որ պետությունը կառավարիչ է նշանակում խոշոր, մասնավոր ընկերության համար։

Հատկանշական է, որ վերջին տարիների ընթացքում, հատկապես, լիբերալ կառավարությունների պայմաններում, միշտ առաջ էր քաշվում այն թեզը, որ պետությունը վատ կառավարի, չէ, եկեք տանք մասնավորին, թող մասնավորը կառավարի։ Նույն այս կառավարությունը և կառավարության տարբեր անդամներ բազմիցս նման հայտարարություններ արել են, բայց արի ու տես, որ նրանք որոշում կայացրեցին, որ իրենք ավելի լավ կառավարիչ կարող են լինել, քան մասնավոր ընկերությունը։ Դե որքանով նրանք լավ կառավարիչ կլինեն, ապագան ցույց կտա, բայց արդեն իսկ կարող ենք որոշակի ռիսկեր տեսնել։ Մասնավորապես այն անձանց, ում վստահվել է այս ոլորտի կառավարումը, առանձնապես փորձ չունեն այս ոլորտում, դրան գումարած, ակնհայտ է, որ այստեղ գերակշռում է քաղաքական (02:30) բաղադրիչը, և երրորդ գործոնը, որ ՀԷՑ–ի ֆինանսատնտեսական վիճակը բավականին մտահոգիչ է՝ հաշվի առնելով այն, որ ինքը ունի բավականին մեծ վարկեր և նոր ներդրումների կարիք, և հաստատված է մոտ մեկ միլիարդ դոլարի չափով նոր ներդրումներ ապագայում, որ պետք է կատարվեն։ Այդ գումարները որտեղից պետք է հայթայթվեն և ներդրվեն ՀԷՑ–ում, որը թույլ կտա, որ մեր բաշխիչ համակարգը, որը բնական մենաշնորհը, գործի արդյունավետ և մեր բնակչությունը չունենա էլեկտրամատակարարման դադարներ»,–ասաց նա։

Սուրեն Պարսյանը նկատեց, որ վերջին 10 տարիների ընթացքում ՀԷՑ–ը մոտ 600 միլիոն դոլարի չափով ներդրում է արել համակարգում, որոնց մի զգալի մասը փոխառություններ են եղել, վարկեր, պարտատոմսեր և այլն։ Բացի այդ, կորուստները 14%-ից իջեցրել է մինչև 6%–ի,։

Հարցին՝ ի՞նչ պետք է անի հիմա կառավարությունը, որ չէր արվել մինչև հիմա, տնտեսագետը պատասխանեց. «Իմ մոտ զգացում կա, որ իրենք չգիտեն ինչ պետք է անեն, երկրորդ, երրորդ քայլի մասին չեն մտածել, չունեն ծրագիր, չունեն պլան։ Իրենց մոտ ՀԷՑ–ի վերցնելը քաղաքական հարց էր, հաշվի առնելով ՀԷՑ–ի սեփականատիրոջ քաղաքական հայտարարություններն ու ամբիցիաները, և նրանք որոշում կայացրեցին առաջին քայլով վերցնել ՀԷՑ–ը՝ դրանով փորձելով կանխել հնարավոր քաղաքական զարգացումները։ Այն հայտարարությունները, որ մենք ծրագիր ունենք կամ մենք պետք է արդյունավետ գործենք, դա ուղղակի հայտարարությունների դաշտում է։

Եթե նրանք այդքան արդյունավետ ծրագրային գործող մարդիկ էին, թող բարձրավոլտ ցանցի գործունեությունը բարելավեին առաջին հերթին, քանի որ դա պետական ընկերություն է, որը չի կարողանում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերը իրականացնել։ Դրանցից մեկը, օրինակ, Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն է, որ արդեն 10 տարի է չեն կարողանում ավարտել։ Այդ արդյունավետ կառավարիչներին խորհուրդ կտամ ուղարկել, առաջին հերթին ԲԷՑ, որ այնտեղ խելքի բերեն իրավիճակը»։

Խոսելով ՀԷՑ–ում հնարավոր ներդրումների մասին, Պարսյանը նկատեց, որ ՀԷՑ–ի ներդրումների հաստատմամբ ու վերահսկողությամբ զբաղվում է միայն ՀԾԿՀ–ն, կառավարությունը այս մասով վերահսկողական լծակներ չունի։ Այսինքն, այն տեսակետը, որ ՀԷՑ–ը լավ չի գործել տարիներ շարունակ, պետք է առաջին հերթին այդ հարցադրումը դնել հանձնաժողովի առջև։

Հանձնաժողովն է այն հիմնական մարմինը, որը պետք է վերահսկի ՀԷՑ–ի գործունեությունը, արդյունավետությունը, բայց կառավարությունը որոշեց քիթը խոթել Հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովի գործունեության տիրույթ, որը նաև սահմանադրության է հակասում։ Այստեղ կոտրվեց այն միֆը, որ հանձնաժողովը ինքնավար մարմին է, ըստ էության հանձնաժողովը դարձավ կառավարության ստորաբաժանում»։

Սուրեն Պարսյանը նաեւ ընդգծեց, որ ՀԷՑ–ի շահույթի չափը եւս որոշում է ՀԾԿՀ–ն, հետեւաբար, մոլորեցնող են պնդումները, թե ՀԷՑ–ը գողանում է կամ թալանում է. «Վերջին տարիների ընթացքում ՀԷՑ–ը իր շահույթը վերաուղղել է իր գործունեության ֆինանսավորմանը։ Օրինակ, ՀԾԿՀ–ն ասել է՝ ես թույլ եմ տալիս ենթադրենք 6000 աշխատող, բայց ՀԷՑ–ը իր շահույթի հաշվին պահել է 7000 աշխատող։ Այինքն աշխատատեղերի կրճատում չի արվել ի հաշիվ ՀԷՑ–ի սեփականատերերի շահույթի։ Ի դեպ, ժամանակին, օրինակ, ՀԷՑ–ի սեփականատերերի շահույթի հաշվին, օրինակ, էլեկտրաէներգիայի թանկացում տեղի չունեցավ»։

Խոսելով ՀԷՑ–ի ֆինանսական վիճակի մասին, տնտեսագետն ասաց, որ այս պահին ՀԷՑ–ը բավականին լուրջ վարկային բեռ ունի, իր պարտատոմսերը գրավադրված են միջազգային մի շարք վարկային կազմակերպություններում. «Նոր պարտք տվող, նոր վարկ տվող  այս պահին չկա։ Մի տարբերակն այն է, որ  լրացուցիչ պարտատոմսեր թողարկվեն, երկրորդ տարբերակը կարող է լինել այն, որ պետությունը որպես սեփականատեր ներդրում կատարի կամ վարկ վերցնի տա ՀԷՑ–ին։ Այդ տարբերակներից մեկը պետք է արվի, որ համակարգը աշխատի, անջատումներ չլինեն, սպառողները գոհ լինեն։

Լրացուցիչ պարտքը պետք է սպասարկել, եթե դու պարտք ես վերցնում, դրա տոկոսները պետք է մտցնես սակագնի մեջ։  Եթե ներդրում ես կատարում, դրա ամորտիզացիան դարձյալ պետք է ներառես սակագնի մեջ, որ կարողանաս սպասարկել։ Դրա արդյունքում կարող է թանկանալ նաև սակագինը»։

Ինչ վերաբերում է սակագնի իջեցման հնարավորությանը, Պարսյանը նկատեց, որ դրա համար նախադրյալներ չկան. «Եթե նրանք իջեցնող լինեին, յոթ տարի ունեին իրենց առաջ, կարող էին նախ 2 տարի առաջ այդ բարձրացումը թույլ չտային, հետո կարողանային իջեցնել։ Ավելին ասեմ,  իրենց մեղքով է թանկացել հոսանքը, կառավարության ստանձնած պարտավորությունը կատարելու  համար է թանկացել հոսանքը։

Հարցին՝ ի՞նչ է սպասվում ՀԷՑ–ին, Սուրեն Պարսյանն ասաց. «ՀԷՑ–ը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ընկերություն է,  բնական մենաշնորհ է։ Եթե մենք ունենանք այս ոլորտում մի փոքր ճգնաժամ, սա բավականին լուրջ ազդեցություն է թողնելու ամբողջ տնտեսության վրա՝ սկսած արդյունաբերությունից վերջացրած գյուղատնտեսությամբ։ Այսինքն մենք պետք է հասկանանք որ նման քայլերով մեծ հարվածի տակ կարող ենք դնել տնտեսությունը։

Բացի այդ սա նաև բացասական ազդակ է օտարերկրյա ներդրողներին, խոշոր կազմակերպություններին, որ կարող է օրերից մի օր ձեր կազմակերպությունը ևս որոշի կառավարությունը ազգայնացնել, քանի որ այդ կազմակերպության սեփականատերը իրեն լավ չի պահում։

Իրենք իրենց քայլերի համար պատասխանատվություն են կրելու, իրավական և քաղաքական առումով, ցավոք այդ պատասխանատվության  բաժինը մենք շարքային քաղաքացիներս ևս ունենալու ենք»։