Սահմանադրությամբ եկեղեցին և պետությունը անջատված են, պետությունը որևէ ազդեցություն չունի եկեղեցու վրա. Հայ առաքելական սուրբ եկեղեցին սահմանադրությամբ անկախ կառույց է, այնտեղ ընտրվում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի SMS հաղորդագրություններով կամ հորդորներով կամ շանտաժներով ու կոմպրոմատներով, այլ  հոգևոր ժողովն է ընտրում կաթողիկոսին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա թվարկեց, թե որքան խոստումներ է տվել Նիկոլ Փաշինյանն ու չի կատարել, ապա նշեց. «Այսինքն իրական խոստումնազանցը ինքն է, իսկ եթե առանձին վերցրած հոգևորականների բարեվարքության հետ կապված խնդիր կա, դա զուտ եկեղեցու լուծելիք հարցն է. «Դուք պատկերացնու՞մ եք, օրինակ, կաթոլիկ եկեղեցում խնդիր լինի ինչ-որ կարդինալի հետ, դրան միջամտի եվրոպական մի երկրի առաջնորդ և ասի՝ ինչքան տանը բրոնեժիլետ, կասկա ունեք, հավաքվեք, խմբեր ստեղծեք, ինքնակազմակերպվեք, ես էլ ձեզ կառաջնորդեմ, տեսնենք Հռոմի պապի գլխին ինչ օյին ենք դնում։

Ամենախնդրահարույց հոգևորականը եթե իրենց իդեոլոգիայի հետ հաշտ լինի, Նիկոլ Փաշինյանի աջակից լինի, ինքը խնդիր չի ունենա։ Նույնկերպ, ամենակոռումպացված անձը Հայաստանում, եթե Նիկոլ Փաշինյանին սատարի, ինքը էլի խնդիր չունի, կամ ամենաօդիոզ նախկինը, եթե նախկինում ինչ-որ հանցավոր արարքներ է կատարել, ապօրինի գույք է ձեռք բերել և այլ, կարևոր է իր հետ հաշտ լինեն, պարտադիր էլ չի Աստծո հետ հաշտ լինեն։ Պետությունը ինքն է, ինքն է որոշում ով լինի, ֆեդերացիայի նախագահ ով լինի, ԿԸՀ նախագահ»,–ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ սցենարի դեպքում իրավապահ համակարգը կարող է դուրս գալ Նիկոլ Փաշինյանի դեմ, և արդյոք հասարակությունը դուրս կգա պաշտպանելու Մայր Աթոռը, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի իր աջակիցների հետ ազատել վեհարանը կաթողիկոսից, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Ես մեր քաղաքական ուժի համար կարող եմ ասել, նաև իմ տեղեկություններով էլի ուրիշ ուժեր և քաղաքական միավորներ կան, որոնք պատրաստ են ամեն վայրկյան, ամեն րոպե գնալ և պաշտպանել  եկեղեցի ինստիտուտը։ Ի վերջո նաև աշխարհում պիտի տեսնեն, որ հայ մարդու համար դա կարմիր գիծ է, այսինքն չի կարող այս մարդը Արցախը հանձնի, այն անի, այն անի, գա մի հատ էլ եկեղեցին ավիրի։

Սա կարող է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար վերջին ավերի փորձը, այսինքն, եթե սա ձախողվի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը էլ երկար չի ձգելու»։