Ոչ թափանցիկ գործարքները իրականում ներդրողների և տնտեսվարողների համար կարմիր գծեր են։ , Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով ՀԷՑ–ի պետականացման գործընթացին։

«Շարքային քաղաքացին շատ պարզունակ է դատում, ուրախանում է, ասում է՝ ինչ լավ է, որ հարուստների վրա արշավում են, թող իրենցից խլեն, մեզ էլ չտան, բայց թող գա բյուջե և այլն, բայց իրականում դրա հետևում կանգնած են շատ ավելի պրոբլեմային տնտեսական հետևանքները, որից խոցվելու է հենց այդ շարքային քաղաքացին՝ կորցնելու է աշխատատեղ, տնտեսական վիճակը ավելի է վատանալու։

Ինչքան էլ կառավարությունը թմբկահարի, որ մենք ներդրումները խթանող քաղաքականություն ենք վարում, բայց այդպիսի էպիզոդիկ պահերը միանգամից կարմիր դրոշակ են բարձրացնում ներդրողների համար, որ երբեք նրանք այդպիսի տնտեսություն չմտնեն, որտեղ կարող են ժամերի կամ օրերի կամ նույնիսկ շաբաթների ընթացքում ուղղակի կառավարությունը փոխի կառավարման մոդելը և խլի բիզնեսը»,–ասաց նա։

Խոսելով ՀԷՑ–ի մասին, Արամյանը նշեց, որ ՀԷՑ–ը ունեցել է լավ կառվարում, քանի որ մինչեւ  Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ–ի ձեռքբերումը այն վնասով էր աշխատում, իսկ իրենից հետո՝ շահութաբեր է եղել, բացառությամբ 2020 թվականի, որը կովիդ–ի տարին էր։

«Ակադեմիական աշխարհում դուք տոննաներով վերլուծություններ կգտնեք, որ ասում է, որ քան ի որ պետությունն է խաղի կանոնները սահմանում, ինքը չպետք է մտնի այդ խաղի կանոնների մեջ, որովհետև այդտեղ կոնֆլիկտ է առաջանում։ Երկրորդ պետության չինովնիկի համար շարժառիթները այլ են լինում, նրանք ավելի կարճատես են լինում, և հիմնականում ելնում են սեփական պոպուլիստական շահերից և ոչ թե ընկերության կամ հանրության շահերից։ Որովհետև իրենք գիտեն, որ այսօր պետական համակարգում են, վաղը կարող է այլ տեղ լինեն, իսկ բիզնեսի սեփականատերը և կառավարիչները մի փոքր այլ ձևով են մտածում։

Ինչ վերաբերում է անջատումների խնդրին, ապա նմանատիպ խնդիրների մասին լսում ենք նաև ջրի մատակարարման ոլորտում։ Պատճառն այն է, որ չափից շատ է կապիտալ շինարարությունը Երևանում, որը ծանրաբեռնում է համակարգը»։

Խոսելով պնդումների մասին, որ համակարգը վատ էր կառավարվում, դրա համար է այն պետականացվում, նախկին նախարարը նկատեց. «Հիմա ինչքան էլ կառավարության անդամները կամ իրենց արբանյակները ջանք գործադրեն արդարացնելու այս գործարքը, ես ձեզ վստահեցնում եմ, մասնագիտական հանրությունը շատ լավ հասկանում է, որ որեւէ վերլուծություն չկա, թե ինչում է թերացել ՀԷՑ–ը։ Եթե կա նման վերլուծություն, թող մտցնեն մեր աչքը, թող ասեն՝ գիտեք, մենք վերլուծություն ենք կատարելու, օրինակ, նախկին ժամանակահատվածում ենթադրենք, 10 հատ սյուն պետք է տնկեր, ինքը քիչ է տնկել։

Ասել, որ գյուղերում տեխնիկան հոսանքի տատանումներից փչանում է, դրանք ուղղակի խոսքեր են, մասնագիտական հանրության համար և բիզնեսի դա բավարար չի»։