Առաջին 5 ամիսներին Հայաստանում ունենք 5.7% տնտեսական ակտիվության ցուցանիշը, որն իրականում բարձր է, վատ չէ, բայց իրականում դրա տակ ընկած են ոչ պերմանենտ կամ, այսպես ասած, ոչ կայուն գործոններ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
«նայենք կառուցվածքին, տնտեսական աճը ինչի է հաշվին է լինում. ամենաառաջինը կապիտալ շինարարությունն է, որտեղ 17% անոց ծավալների աճ ունենք։ Ինչո՞վ է բացատրվում սա, բնակարանային շինարարությունը գնում է, նաև կա եկամտահարկի վերադարձի հանրահայտ գործիքը, և բոլորը փորձում են մինչև վերջ արագ այդ գործիքից օգտվել, և սա ստեղծել է որոշակի կուտակումներ կապիտալ շինարարության ոլորտում։ Ես պետք է վշտացնեմ շատ այդ ոլորտում աշխատող մարդկանց, որ այդտեղ կան էական ռիսկեր։ Բանկերի կողմից տրամադրված իրական հատվածի վարկավորումը ևս ֆինանսավորել է այս ճյուղը։ Սա առաջին գործոնն է, որը նպաստել է տնտեսական աճին։
Երկրորդ գործոնը ծառայություններն են, որտեղ իրական աճը 10 տոկոս է կազմել. Դրանցից մեկը բանկային ն ոլորտն է, այստեղ մենք ունենք որոշակի լավ լուր, ենթադրվում է, որ այն հոսքը, որ եկավ 2022-23 թվականին, դեռևս պահպանվել են բանկային համակարգում, հաճախորդներ մնացել են մեր հայկական բանկային համակարգում։
Երրորդ ուղղությունը դա IT-ն է, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ բաժին ունեն, բայց տեղեկատվական տեխնոլոգիաները ունեն շատ բարձր մոբիլություն, եթե ինչ-որ որ մի բան այն չի լինում, միանգամից տեղափոխվում են այլ տեղեր։ Մնացած ճյուղերը, որոնք պերմանենտ ավելի քիչ մոբիլ են և պայմանավորում են քո տնտեսական ողնաշարը, օրինակ, արդյունաբերությունը, ցավոք, մենք ունենք վատ ցուցանիշներ։
Մենք կարող ենք այլ ցուցանիշների նայենք, որը շատ լավ սիգնալ է տալիս, ազդակ է տալիս, թե տնտեսությունում ինչ է կատարվում, և իրական հատվածը իրականում կայուն է, թե կայուն չէ։ Դրանք վարկերն են։ Բանկերը, սովորաբար, վարկ են տալիս այն ճյուղին կամ այն տնտեսվարողին, որը ունի աճի հեռանկարներ կամ ունի այդտեղ բարձր շահութաբերություն։ Հիմա նայենք, թե ուր են գնացել վարկերը։ Այստեղ ունենք շատ վատ լուր. 2018 թվականից այս կողմ մեր վարկերը շուրջ 3.5 տրիլիոն դրամով աճել են։ Հիմնականում դա գնացել է հիպոթեքին, որը շուրջ հինգ անգամ աճել է, և երկրորդը, որը շատ վատ է, աճում են սպառողական վարկերը։
Սպառողական վարկը վերցնում են հիմնականում սոցիալապես խոցելի խմբերը, որոնց եկամուտները չեն բավարարում այս կամ այն ապրանքներ ձեռք բերելու կամ իրենց կենցաղի ծախսերը հոգելու համար։ Դրա համար նրանք բարձր տոկոսներով վարկեր են վերցնում։
Երբ ասում են՝ հասարակությունը լավ է ապրում, ես այդ թեզը չեմ կիսում, որովհետև ցածր եկամուտով մարդկանց սոցիալական վիճակը էապես վատացել է, ես դա պաշտոնապես հրապարակում եմ և կարող եմ դա փաստել, որովհետև դա են ասում թվերը»,–ասաց նախկին նախարարը։
Նա նկատեց, որ երբ 2018–ին եղավ իշխանափոխություն, ցածր եկամուտ ունեցող մարդիկ տրվելով խոստումներին, որ ձեր վարկերը, տուգանքները կչեղարկվեն, սկսեցին սպառողական վարկեր վերցնել, որի արդյունքում սպառողական վարկերի ծավալը կրկնապատկվեց։
«Երկրորդ այս ցիկլը մեզ մոտ եղավ 2023 թվականից հետո, որը նորից էլի բարձր գնաճային ֆոնի վրա մի պահ բում եղավ, հետո ընկավ այդ բումը։ Եթե նայենք, օրինակ, սպառողական վարկերը 2025 թվականի մայիսը, 2024 թվականի մայիսի նկատմամբ 350 միլիարդի չափով աճել է, 1.4 տրիլիոն վարկերի աճի հաշվին։ Այսինքն վարկերը, հիմնականում գնում են սպառողական վարկեր, հիպոթեկային վարկեր, կապիտալ շինարարություն։ Սրանք բոլորը ոչ արտահանելի հատված են։











