Միանշանակ կլինեն Գյումրիում մարդիկ, որոնք կմիանան Փաշինյանին և կմասնակցեն Մայր Աթոռի դեմ  հանրահավաքին. ամեն թռչուն իր երամն ունի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Հիմա էս երկիրը էլ բան ու գործ չունի, եկեղեցու վրա է աշխատո՞ւմ։ Մեր պրոբլեմը Հայոց եկեղեցի՞ն է։ Ես զարմանում եմ, թե ի՞նչն է պատճառը, որ սրանք հիմա եկեղեցով են զբաղվում։ Հայաստանն այնքան պրոբլեմներ, խնդիրներ ունի, այնքան մարտահրավերների դիմաց ենք կանգնած։ Էդ ամեն ինչը թողել են, եկել են, ուզում են Հայոց եկեղեցին դաստիարակե՞ն, խորացել են եկեղեցական կանոնների մեջ։ Նախ թող իրենց վարքի, բարքի մասին մտածեն։

Դիմացը լուրջ ընտրություններ են, թող մտածեն, թե ով պիտի լինի երկրի ղեկավար, ինչպիսի վարքի տեր մարդիկ պիտի լինեն, ինչպիսի ծրագիր ունեցող մարդիկ պիտի լինեն, ժողովուրդը հասկանա, մարդկանց չխաբեն, իրար հետ չպայմանավորվեն, մեկը գնա մյուսին բերի, խաբեբայությամբ չզբաղվեն, հայի արյուն ունեցողը գա հայոց երկրի ղեկավար, հայկական մտածելակերպ ունենան։ Ես հիմա տեսնում եմ, որ դրսի ուժերն են, և այս մարդկանց արյան մեջ հայկական ծագումաբանությունը շատ քիչ եմ տեսնում։

Ես օրինակ, ուզում եմ, որ հայոց երկիրը այնպիսի մարդ ղեկավարի և ինչպիսի ծրագիր ունենա, որ հայտարարի, որ եթե ինքը գա, երկրի հարստությունը, ընդերքը, հանքերը դարձնելու է պետական սեփականություն, որովհետեւ երկրի կշեռքի մի նժարի վրա դրված է հայ ազգը, մյուս նժարի վրա դրված է մի 10 ընտանիք։ Մեկը գա ասի, որ դրանք դարձնելու է պետական սեփականություն, թոշակները, աշխատավարձները երեք անգամ ավելացնելու է, բյուջեն հինգ անգամ ավելանալու է, բանակը մատակարարելու է պետությունը, ռազմական արդյունաբերությունը խթանելու է։

Եթե նմանատիպ մարդ լինի, ես անպայման իրեն կպաշտպանեմ, իսկ եթե չի լինի, ես պատրաստ եմ դա անելու, կյանքի կոչելու»,– ասաց նա։

Վարդան Ղուկասյանն առաջարկում է երկրի հարստությունը՝ ոսկին, պղինձը, մոլիբդենը, էլյումինը, ջուրը, այդ բոլորը դառնան պետական սեփականություն, ինչպես, օրինակ, Չինաստանում է։

«Դրա արդյունքում բյուջեն մի 10 անգամ կավելանա, աշխատավարձերը կավելանան, թոշակները կավելանան, բանկային այս այլանդակ համակարգը կվերանա։ Ով է տեսել բանկի տոկոսը 18-25% լինի, սա բանկ չէ, սա լոմբարդներ են, սա պետական «ռազբոյ» է։ Արտասահմանից վարկերը վերցրել են 0.25 տոկոսով, 18-25 տոկոսով բաժանում են ժողովրդի վրա։

Ես միանշանակ չեմ ընդունում Նիկոլ Փաշինյանին, նախկիններին էլ միանշանակ չեմ ընդունում, նոր ուժ պիտի գա, որը պիտի ասի ինչ պիտի անի, ոնց պիտի։

Եթե չկա այդպիսի մարդ, ես պատրաստ եմ անելու, թող գա ժողովուրդը, կանգնի, պադերժկա անի, հելնի, տեսեք ինչ կանեմ։ Բարձրաձայն խոսք եմ տալիս»,– ընդգծեց Գյումրիի քաղաքապետը։