«1988-1989 թվականներին Վանաձորի բնակչությունը կազմում էր 160-170 հազար մարդ, այսօր կազմում է 77 հազար մարդ։ Այսինքն բնակչության թիվը երկու անգամ նվազել է, իսկ վերջին 7 տարվա ընթացքում բնակչության թիվը նվազել է ևս 5 տոկոսով»։ Այս մասին սոցցանցերի իր էջում տարածած տեսանյութում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ Վանաձորի բնակիչները լքում են քաղաքը՝ աշխատատեղերի բացակայության պատճառով։

Նրա խոսքով վերջին 7 տարիների ընթացքում Վանաձորում ճանապարհներ են կառուցվել և մի քանի կրթական հաստատություններ են վերանորոգվել վարկային միջոցների ներգրավմամբ։

«Ճանապարհները 10-15 տարվա ընթացքում դառնում են անպիտան կամ ունենում են վերանորոգման կարիք, և կառավարությունը ստիպված է լինելու նորից վարկ վերցնել, որպեսզի ճանապարհները վերականագնեն։ Եթե անգամ Վանաձորի բոլոր ճանապարհները վերակառուցվեն, քաղաքի բնակչության թիվը միևնույն է, շարունակելու է նվազել։ Մենք քաղաքում լուրջ ներդրումներ չենք ունեցել, այս պահի տվյալներով էլ նախադրյալներ չկան, որ լուրջ ներդրումներ կունենանք։ Մեր մարզերի գլխավոր խնդիրն աշխատանքն է։ Ինչպես կարող է լուծվել աշխատատեղերի հարցը. մեր քաղաքական թիմը երկրին առաջարկելու է նոր զարգացման ուղի։ Սկսել ենք Վանաձորից և ներկայացնելու ենք մեր երկրի մեծ քաղաքներն ու թե ինչ զարգացման ծրագրեր ենք առաջարկելու այդ քաղաքների համար»,–ասաց Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով, վերջին 30 տարվա ընթացքում Վանաձորում ընդամենը երեք խոշոր գործարան է կառուցվել։

«Գործարաններից ամենամեծը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկան պետության կողմից մշտապես ճնշման տակ է եղել, ֆաբրիկայի տնօրենը նույնպես կալանավորվել է այս պետության կողմից։ 2500 աշխատատեղ ստեղծող մարդը կալանավորվել է ինչ–որ աննշան գործով։ Սա մի օրինակ է, բայց կան հարյուրավոր նման օրինակներ, թե ինչ է տեղի ունենում, և ինչպես է դա ազդում երկրի տնտեսվարողների վրա։ Եթե դու կալանավորում ես քաղաքի միակ աշխատատեղ ստեղծողին, ոչ ոք քո երկիրը չի դիտարկի որպես կայուն զարգացման ռեգիոն»,–հավելեց Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով, Հայաստանի արդյունաբերականացումն այլընտրանք չունի։

«Սովետական միության փլուզումից հետո մեր արյդունաբերական պոտենցիալը ոչնչացվել է, իսկ վերջին տարիներին մենք ոչ թե փորձել ենք դա վերականգնել, այլ ինչ–որ փոքր ծառայություններ մատուցող ընկերություններով ապահովել մարդկանց զբաղվածությունը։ Վանաձորի բնակչության թիվը չի կարող չնվազել, եթե քաղաքում գործարաններ չկան։ Մարզերում տնտեսությունն ակտիվացնելու ու բնակչության թիվն ավելացնելու միակ տարբերակը գործարաններ կառուցելն է»,–ասաց Նարեկ Կարապետյանը։