Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անհրաժեշտ չի համարում պետական բյուջեի և երկրի տնտեսության միջև տարբերակում մտցնելը։
Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նախարարին հիշեցրեցին, որ վերջերս կայացած համերգի (Ջենիֆեր Լոպեսի – խմբ.) համար պետական բյուջեից կոկիկ գումար է փոխանցվել։ Համերգից և Լոպեսի երկրպագուներից ստացված եկամուտը բյուջե չի վերադարձվել։
Հարցին պատասխանելիս նախարարը հիշեցրեց, որ ըստ հեղինակավոր միջազգային կազմակերպության տվյալների՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկը ծախսում է մոտ 888 դոլար, ինչը համերգին ներկա 15 հազար երկրպագուների հաշվարկով կազմում է մոտ 13 միլիոն դոլար։
Ի պատասխան այն դիտարկման, որ գումարները չեն մտել բյուջե՝ նախարարը պարզաբանեց, որ գումարները մտել են երկրի տնտեսություն և ինչպես պարզվեց, նախարարն անհրաժեշտ չի համարում տարբերություն դնել բյուջեի և տնտեսության միջև։ Ընդհակառակը, Պապոյանը ոգևորությամբ թվարկեց, որ այն զբոսաշրջիկները, որոնք իրենց թույլ են տվել գալ և գնել ամենաթանկ տոմսերը՝ հավանաբար բնակվել են թանկարժեք հյուրանոցներում և սնվել լավագույն ռեստորաններում։ Հետևաբար, նրանք որոշակի գումար են թողել։ «Գումարները մտնում են երկրի տնտեսություն։ Ինձ համար կարևոր է ռեստորանների և հյուրանոցների սեփականատերերի եկամուտը», - ընդգծեց նախարարը։ Սակայն Պապոյանը տվյալներ չունի այն մասին, թե որքան ժամանակ են Լոպեսի երկրպագուները հյուրընկալվել Հայաստանում։ Նախարարը նաև չպատասխանեց այն հարցին, թե կոնկրետ ինչ գումար է փոխանցվել բյուջեից։ Փոխարենը, նախարարը վստահ է, որ հայրենական լրագրողները բավականին անփույթ են լուսաբանում երկրի կյանքի դրական իրադարձությունները։
«Միջոցառումը լավն էր և օգտակար Հայաստանի տնտեսության, մթնոլորտի և ճանաչելիության համար։ Այն հիանալի էր, շատ զբոսաշրջիկներ կային, թվերը պարզ կդառնան, երբ ամփոփենք օգոստոսի տվյալները։ Կան շատ դրական բաներ, բայց լրագրողները քիչ են խոսում դրանց մասին։ Բայց երբ դրանք լուսաբանվեն ձեր օգնությամբ՝ իրավիճակը կբարելավվի», - կարծում է Պապոյանը։











