«Իրանը և Հայաստանը բազմաոլորտ համագործակցություն ունեն։  Անվտանգային առումով համագործակցությունը միշտ քիչ է եղել,  հիմա համագործության նոր փուլ ենք մտնում»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Պույա Հոսեյնին՝ հիշեցնելով, որ վերջրերս առաջին անգամ տեղի ունեցան Հայաստանի և Իրանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները։

Նրա խոսքով, զորավարժություններից հետո Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի հետ, ինչն էլ հենց վկայում է այն մասին, որ Իրանը փորձում է զարգացնել Հայաստանի հետ անվտանգային համագործակցությունը։

«Տնտեսական առումով համագործակցությունը նույնպես զարգանում է։ Նախկինում Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 300 մլն դոլար էր, հիմա դարձել է 700 մլն դոլար, վերջերս էլ Իրանի դեսպանը նշեց, որ շուտով առևտրաշրջանառությունը կկազմի 1 մլրդ դոլար։ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի, որովհետև մենք բնական և անփոխարինելի դաշնակիցներ ենք, մեր անվտանգությունը փոխկապակցված է»,–ասաց նա։

Անդրադառնալով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջիկա շաբաթների ընթացքում Հայաստան սպասվող պաշտոնական այցին, Հոսեյինը նշեց, որ դա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ երկու բարեկամ երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը զարգանում է։ Այցի օրակարգի մասին այլ մանրամասներ վերլուծաբանը չներկայացրեց։

Խոսելով այն մասին, որ ըստ ամերիկյան մամուլում շրջանառվող տեղեկությունների, Դոնալդ Թրամփը պատրաստ է Սյունիքի ճանապարհի վերահսկողությունը ստանձնելու դիմաց պաշտպանել Հայաստանն Ադրբեջանի հնարավոր հարձակումներից, վերլուծաբանն ասաց.

«ԱՄՆ–ն նման անվտանգային երաշխիքներ էր տվել նաև Աֆղանստանին, վերջերս էլ հանձնեց Թալիբանին ու դուրս եկավ այնտեղից։ Նույն կերպ էլ Սիրիայում և Իրաքում։ Քրդերին էլ խոստումներ էր տվել թուրքերից պաշտպանելու, բայց ոչինչ չարեց։ ԱՄՆ–ի հետ կնքված շատ պայմանագրեր չեղյալ են հայտարարվել կամ ուղղակի չի կատարել պայմանները։ Իրանի հետ միջուկային պայմանագիր ստորագրեց ԱՄՆ–ն, իսկ նոր նախագահը չեղյալ համարեց այն»։

Մանրամասները՝ տեսանյութում։