Ես ցնցված եմ մեղադրանքների բնույթից, ինչպես նաև եկեղեցու վրա հարձակումներից։ Դրա մասին օգոստոսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է աշխարհահռչակ իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Անհավանական և անհանգստացնող է, որ 21-րդ դարի քաղաքակիրթ հասարակությունում աշխարհիկ իշխանությունները քրիստոնյաների դեմ նման մակարդակի հարձակումներ են իրականացնում։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ մենք պետք է երկխոսություն սկսենք, չպետք է քրեական մեղադրանքներ առաջադրենք ակնհայտ, բայց ոչ քրեական հարցերի վերաբերյալ։

Քաղաքացիական հասարակությունը պետք է կառավարության հետ քննարկի, թե ինչ է տեղի ունեցել Ղարաբաղում և եկեղեցու շուրջ։ Սակայն եկեղեցու ղեկավարության վրա հարձակումները, եկեղեցու վրա ֆիզիկական հարձակումները, հաշվի առնելով նրա դերը հասարակությունում, օրենքի գերակայության, միջազգային իրավունքի, բարոյական նորմերի խախտում են։ Ես խոսքեր չեմ գտնում։

Հաշվի առնելով հարձակումների քաղաքական բնույթը, ես չեմ քննարկի այն հարցը, թե ում հետ եմ հանդիպում՝ վենդետայի մտավախությունից ելնելով։ Ես բախտավոր եմ, որ ունեմ ամերիկյան անձնագիր։ Բայց շատ մարդիկ, որոնց հետ ես հանդիպում եմ, ապահով չեն։

Երբ որևէ կառավարություն իրեն օրենքի շրջանակից դուրս է դնում, ապա անվտանգություն չկա»,- նշել է Ամստերդամը։

Նշենք, որ քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային փաստաբանի այցը անհետաձգելի է և առնչվում մի քանի աղմկահարույց գործերի՝ արքեպիսկոպոսների գործի, Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումների, գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը։