Միքայել Աջապահյանի կալանավորման խափանման միջոցի հարցը առաջնահերթ քննելու միջնորդությունը ներկայացրեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Այս պահին քննվում է Միքայել Սրբազանի խափանման միջոցի հարցը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը դատարանի դահլիճից։
«Ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ, Գևորգ Աջապահյանը չեմ։ Մարդկանց 99 տոկոսն ինձ ճանաչում են որպես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան։ Խնդրում եմ, ինձ դիմեք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան, ոչ թե Գևորգ Աջապահյան»,- դատավորի կողմից անձնական տվյալներն ընթերցելուց հետո այսպես արձագանքեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը Մեղադրող կողմը կալանքը երկարաձգելու միջնորդություն ներկայացրեց` պատճառաբանելով, թե ազատության մեջ Միքայել Սրբազանը կարող է կրկնել հանցանքը։
Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։











