Վաշինգտոնյան փաստաթղթերը չեն երաշխավորում, որ Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա, իսկ Թրամփի հայտարարությունները, թե կողմերը կարող են զանգահարել իրեն, եթե խնդիրներ առաջանան, ծաղրի պես են հնչում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը։
Փորձագետը հիշեցրել է, որ Հայաստանն արդեն իսկ ստորագրել է փաստաթղթեր Ադրբեջանի հետ, ներառյալ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որոնք բոլորը խախտել է Բաքուն։
«Էլ ի՞նչ ապացույցներ են պետք, որ Ադրբեջանին ոչ մի փաստաթուղթ չի կանգնեցնի։ Հետևաբար, մենք պետք է աշխատենք այն նպատակների վրա, որոնք Անկարան և Բաքուն հետապնդում են Հայաստանի նկատմամբ։ Մենք պետք է ձգտենք փոխել այդ նպատակները, փոխել Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ընկալումը։
Քանի դեռ Ադրբեջանը Հայաստանին պաշտոնապես թշնամի է համարում և անվանում այն արհեստական կազմավորում, անհնար է խոսել փոփոխությունների մասին։ Միևնույն ժամանակ, Բաքուն ոչ միայն չի փոխում այդ քաղաքականությունը, այլև սաստկացնում է այն»,- նշել է Իգիթյանը։











