«Հարգելի դատավոր, ես այս դահլիճում իրավունքի գերակայություն չեմ տեսնում։ Փաստացի մեր լավ գործընկեր Հովսեփ Սարսգյանը ներկա չէ դատական նիստին, մեղադրյալներից մեկը անպաշտպան է, բայց նիստը շարունակվում է։ Հիմա ո՞վ է պաշտպանելու այդ մեղադրյալին»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթ նստավայրում, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման ևս 17 մասնակցի գործով դատական նիստի ժամանակ դատավորին դիմելով ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Փաստաբանների դժգոհության պատճառն այն էր, որ դատական նիստն ընթանում էր առանց մեղադրյալ Հրայր սարկավագ Հակոբյանի պաշտպանի ներկայության։ Պաշտպան Հովսեփ Սարգսյանը դատարանին նախապես էր հայտնել, որ երկրում չէ և  չի կարող մասնակցել դատական նիստին։

Փաստաբանների խոսքով առանց պաշտպանի ներկայության դատական նիստի անցկացումը խախտում է Հրայր սարկավագ Հակոբյանի իրավունքները։

«Ես տեսնում եմ, որ մենք անգամ տարրական նորմը չենք կարողանում հարգել։ Հանուն ինչի՞։ Ես պատրաստ եմ քրեական դատավարության օրենսգրքի ցանկացած նորմի խախտման ըմբռնումով մոտենալ, եթե դրա մյուս նժարին իրավունքի գերակայությունն է դրվում։ Ես այս դահլիճում իրավունքի գերակայության մթնոլորտ չեմ տեսնում»,–ասաց Վարդևանյանը։

Նշենք, որ նախքան այդ էլ նույն պատճառով Իգոր Սարգսյանի պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը բոյկոտեց նիստը և  հեռանացավ դատարանի դահլիճից։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական երկրորդ նիստը։

Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 18 անձ։

Ըստ մեղադրական եզրակացության, Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։