Հիշեցնում եմ, որ մենք ունենք նոր Սահմանադրության ընդունման օրակարգ և ես որպես վերջնաժամկետ նշել եմ 2027 թվականը, մենք այժմ աշխատում ենք նախագծի վրա և երբ այն պատրաստ լինի՝ մենք հանրաքվե կանցկացնենք։ Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահեցրել է, որ դա որևէ կապ չունի ներկայիս գործընթացի հետ, թեև ռազմավարական առումով դա նույնպես կարող է ազդել այդ գործընթացի վրա։ «Ես նաև հայտարարել եմ, որ եթե վավերացման գործընթացի ընթացքում մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ Ադրբեջանի հետ այժմ նախաստորագրված և հետագայում ստորագրված խաղաղության համաձայնագիրը կհակասի Սահմանադրությանը, ապա ես ինքս նախաձեռնություն կդրսևորեմ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար։ Այժմ դրա մասին մտածելու կարիք չկա», - նշել է Փաշինյանը։